Կարեն Կարապետյանը մաքուր է
«Առաջին անգամն է, որ մենք ունենք այնպիսի վարչապետ, ով ոչ թե Արևմուտքի ճաշակով է, այլ ՌԴ-ի կողմից օժանդակություն ստացող գործիչ։ Նա ՌԴ-ի հետ խորը հարաբերություններ ստեղծելու կողմնակիցն է։ Իսկ սրա մեջ, հավատացե՛ք, դրական բան կա։ Երբ որ վարչապետն Արևմուտքի ճաշակով էր, Արևմուտքը բոլ-բոլ փող էր տալիս, մեր պարտքն էլ վերջին տարիներին եռապատկվել է։ Արդյունքում մեր երկրում ո՛չ արդյունաբերությունն է զարգացել, ո՛չ էլ գիտության ոլորտում ենք գումարներ ծախսել», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով արդեն մեկ տարվա Կառավարության գործունեությանը։
Վերջինս շեշտեց՝ ամեն դեպքում այսքան ամիսների ընթացքում զգալի փոփոխություններ ժողովուրդը մաշկի վրա չի զգում:
«Մի բան էլ կուզենամ նշել․ ահագին ժամանակ է, ինչ Կարապետյանը պաշտոնավարում է, բայց որևէ ակնարկ անգամ չի եղել այն մասին, որ նա կաշառակերությամբ է զբաղվում. նա մաքուր է աշխատում։ Բայց չենք կարող ասել, որ ամբողջ Կառավարությունն է մաքուր աշխատում, քանի որ այդ իշխանությունն ամբողջությամբ նրա ձեռքում չէ։ Ակնհայտ է՝ Կարապետյանը եկել է, որ 2018-ից հետո էլ մնա, բայց դեռևս պարզ չէ՝ կմնա, թե ոչ», – նշեց Սոս Գիմիշյանը։