«Ոստիկանության «02» հաղորդումը փակե՛ք»
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց ՀՀ փոխոստիականապետ Անուբախ Համբարյանին՝ ցանկանալով տեղեկանալ՝ արդյո՞ք օրերս դատարանի նկուղում ոստիկանության կողմից կալանավորների նկատմամբ կիրառված բռնության համար որևէ մեկը ենթարկվել է պատասխանատվության:
Փոխոստիկանապետն արձագանքեց՝ չի կարող հստակ պատասխանել, առհասարակ, եղե՞լ է միջադեպ, թե՞ ոչ:
Թանդիլյանի հարցը շարունակեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը․ «Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, երբ ոստիկանությունը դեպքի ահազանգից 24 ժամ հետո, դեռ չի կարող ասել՝ միաջադեպ եղել, թե ոչ: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ եղել, այնտեղի վարչակազմը ինձ հավաստիացրել էր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, որոնք վերադարձել են դատավարությունից, մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գնդի գումարտակի հսկողության տակ: Առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, վնասվածքներով՝ վերադարձել, այս փաստը Ձեզ ի՞նչ-որ բան ասում է»։
Փոխոստիկանապետն ասաց՝ նախ պետք է պարզել՝ ունեն այդ անձինք վնասվածքներ, թե ոչ և եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն:
«Դա միայն դատաբժիշկը կարող է ասել, ուրիշ ոչ ոք», – ասաց փոխոստիկանապետը։
Նիկոլ Փաշինյանը զայրացած արձագանքեց․ «Էդ տրամաբանությամբ՝ ոստիկանության «02» հաղորդումը փակե՛ք, ասեք ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի՝ ինչ է եղել: Երբ հարցը ընդդիմությանն է վերաբերում, կիլոմետրանոց հաղորդագրություններ, սցենարներ եք գրում՝ ստեղից մտել են, զենք-զինամթերք… բա են ժամանակ ինչի՞ չեք ասում նախաքննությունը կպարզի»: