28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրային խորհրդում քննարկվել է բուժհաստատությունների մասնավորեցման հարցը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է մասնավորեցնել նաև մի շարք բուժհաստատություններ, ինչը հանրության շրջանում բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել: Հանրային խորհրդում ս.թ հունիսի 5-ին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել նաև այս հարցին և պայմանավորվածություն էր ձեռք բերվել լրացուցիչ քննարկել բուժհաստատությունների մասնավորեցման խնդիրը: Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստեղծվել էր աշխատանքային խումբ ուսումնասիրելու բարձրացված հարցերը:
Ս.թ. հունիսի 14-ին Հանրային խորհրդում կազմակերպվել է նիստ, որին հրավիրվել են մասնակցելու շահագրգիռ բոլոր կողմերը: Նիստը ղեկավարել են ՀԽ անդամ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը և ՀԽ անդամ, գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը:
Նիստին մասնակցել են ՀԽ անդամներ՝ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, Կառլոս Ղազարյանը, Անահիտ Աղոյանը, ՀՀ առողջապահության նախարարության փոխնախարար Սամվել Մարգարյանը, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, բուժհաստատությունների ղեկավարներ, Երևանի պետական տնտեսագիտական համալասարանի և Երևանի պետական համալսարաի դասախոսներ, ոլորտի մասնագետներ:
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է մասնավորեցման հիմնավորումները՝ նշելով, որ նշված բուժհիմնարկներն աշխատում են խիստ ցածր շահութաբերությամբ, և անհրաժեշտ է դրանք վերազինել և ներդրումներ իրականացնել: Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ մասնավորեցման գործընթացը միանգամից տեղի չի ունենալու, լինելու են քննարկումներ, որի արդյունքում հաշվի են առնվելու նաև առաջարկներ ու դիտողություններ:
ՀՀ ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը վրդովմունք է հայտնել, որ մասնավորեցման մասին տեղեկացել է մամուլից, իրենց հետ որևէ նախնական քննարկում տեղի չի ունեցել: Դավիդյանը հավելել է, որ իրենց կենտրոնը լավ վիճակում է, հագեցած լավագուն բուժտեխնիկայով: Նա անընդունելի է համարել խնդիրը միայն շահութաբերության տեսանկյունից քննարկելը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել տվյալ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը, պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը, նյութատեխնիկական բազան, հասարակությանը մատուցած ծառայությունը և այլն:
Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը նույնպես ներկայացրել է իրենց կենտրոնի արդյունավետ գործունեությունը և շեշտել, որ իրենց հետ մասնավորեցման վերաբերյալ նախնական քննարկում չի եղել: Հիմնավորված չհամարելով մասնավորեցումը՝ կենտրոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ եթե դա այլընտրանք չունի, ապա գոնե հնարավորություն տան, որպեսզի իրենք ձեռք բերեն բուժհաստատությունները, որոնց գործունեության համար տարիներ ի վեր ներդրել են ֆինանսական ռեսուրսներ ու ջանքեր:
Հայրապետ Գալստյանը, անդրադառնալով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցմանը, նշել է, որ ուռուցքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում ստացած 11 000 հիվանդներից 6200-ը բուժում են ստանում պետական պատվերի շրջանակներում՝ որպես սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձիք: Նա մտահոգություն է հայտնել, որ մասնավորեցման հետևանքով պետպատվերից օգտվող քաղաքացիների թիվը զգալի կերպով կարող է նվազել:
ՀԽ անդամ Էդուարդ Ղազարյանն անդրադարձել է Իզոտոպների արտադրության կենտրոնի մասնավորեցմանը՝ նշելով, որ նման հաստատությունը պետք է լինի միայն պետական և հայտարարվի՝ իբրև հատուկ պաշտպանական օբյեկտ: Ղազարյանը կարևորել է այն փաստը, որ մասնավորեցման հիմքում պետք է դրվի լուրջ պատճառ, որպեսզի հասարակության կողմից ընդունելի լինի, հակառակ դեպքում այն կդիտվի իբրև բյուջեն լցնելու միջոց:
ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, կարևորելով խնդիրը, առաջարկել է բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ հանգամանորեն քննարկել ու նրանց տեսակետն ու դիրքորոշումը հաշվի առնելուց հետո միայն որոշումներ կայացնել: Աղոյանի խոսքով՝ բարեփոխումների կենտրոնում պետք է լինի մարդը, ոչ թե շահույթը:
ՀՀ ԱՆ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի անձնակազմն իր հերթին ներկայացրել է իրենց բուժհաստատության կարևորությունը հատկապես հիվանդությունների կանխարգման տեսանկյունից, թվարկել բոլոր կարևոր գործառույթները, որ իրականացնում է բուժհաստատությունը, և խիստ մտահոգություն հայտնել մասնավորեցման հեռանկարի վերաբերյալ:
Քննարկվել է նաև պոլիկլինիկայի սպորտային բժշկության բաժանմունքի դերն ու նշանակությունը և դրա գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Նշվել է, որ այս ուսանողական պոլիկլինիկայի մասնավորեցման հետ կապված կան բազմաթիվ չքննարկված հարցեր, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն:
Սմբատ Լպուտյանն անդրադարձել է բժշկության մեջ սպորտի դերակատարմանը՝ ցավով արձանագրելով, որ ֆիզիկական կուլտուրան մեր հասարակության մեջ դարձել է մնացորդային ոլորտ: Նա ֆիզիկական կուլտուրայի դերի բարձրացումը համարել է անհրաժեշտ ու հրատապ:
Ամփոփելով քննարկումը՝ Գալստյանն ու Լպուտյանը շնորհակալություն են հայտնել ներկաներին շահագրգիռ քննարկման համար՝ առաջարկելով ուսումնասիրել բարձրացված հարցերն ու առաջարկները և կազմակերպել ևս մեկ հանդիպում, որպեսզի առաջարկվող լուծումները բոլոր կողմերի համար լինեն ընդունելի:
Փոխնախարան իր հերթին նշել է, որ այս թեմայի շուրջ քննարկումները շարունակական են լինելու:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ