Գումարվել է Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նիստը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 1-ի «Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N1 արձանագրությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ գումարվել է Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 60-ը: Նախքան նիստը սկսվելը, սահմանված կարգով գրանցվել են ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «ԵԼՔ» խմբակցությունների անդամները, որի ընթացքում նրանց տրվել են Երևանի ավագանու անդամի վկայականներն ու կրծքանշանները:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` նորընտիր ավագանու անդրանիկ նիստի սկիզբը նախագահող, ավագանու տարիքով ավագ անդամ Աստղիկ Գևորգյանը ներկայացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով ընտրվել է Երևանի քաղաքապետ: Ըստ այդմ, նիստի վարելու իրավունքը, օրենքով սահմանված կարգով, փոխանցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ: