«Դեռ երեկ կարող էինք զարմանալ». ՀՀԿ-ն ընդունեց
Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում արված առաջարկները, որ եղել են «Ելք» դաշինքի կողմից, մեծամասամբ ընդունվել են: Միայն Լենա Նազարյանի առաջարկը չի ընդունվել, դա էլ եղել է փոխադարձ համաձայնությամբ: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները պիտի ներկայացվեն առանձին Գլխավոր դատախազության կողմից: «Դատախազությունը տարանջատված պիտի ներկայացնի դրանք»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ արձանագրեց, որ ողջունելի է, որ ընդդիմության ոչ գրավոր առաջարկներն ընդունված են ու ներգրավված: «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում ասաց, որ այս մարմնի գործունեության սկսելուն պես իրենք ձեռնամուխ են լինելու կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարին:
Հիշեցնենք, ընդդիմությունն էլ է ներկայացուցիչ ունենալու հանձնաժողովում:
«Դեռ երեկ կարող էինք զարմանալ, որ ընդդիմությունը կարող է ներկայացուցիչ ունենալ, բայց այսօր արդեն զարմանալի չէ, ու այսօր մենք փորձում ենք մեր բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի կոռուպցիան վերանա մեր երկրում»,-Էդմոն Մարուքյանին արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: