«Մեծ ընտրության հնարավորություն էլ չենք ունենալու»
ՎՍԴՀԿ ատենապետ, 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն եթե ասի, որ հիմա կուսակցական ակտիվ գործունեությամբ են զբաղված, խաբած կլինի: «Իրականում այդպես չի, որովհետև դեռ նոր են Ազգային ժողովի ընտրություններն ավարտվել, և ես կարծում եմ, որ հիմնականում հանրային հետաքրքրությունն ուղղված է դեպի Ազգային ժողով: Ավելին, ժողովուրդն իր քվեն տվել է, ըստ էության, կարևոր չէ, թե ինչ կերպ է տվել, բայց տվել է իշխանությանը և իրավունք ունի պահանջելու իշխանությունից, իսկ ընդդիմությունը կփորձի վերախմբավորվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:
Վերջինս նկատեց, որ եթե ընդդիմությունը հնարավորություն ունենա մեկ բևեռ դառնալու, կարող է ազդել իշխանության որոշումների վրա և դրանով օգտակար լինել ժողովրդին, բայց առայժմ իր համար տեսանելի չէ, որ գնում է նման պրոցես, և կուսակցությունները պատրաստ են համախմբվելու: «Հետևաբար մեր կուսակցությունում ևս սպասողական վիճակ է, դեռ պետք է խորհել տեղի ունեցածի շուրջ, պետք է հասկանալ, թե իրականում ինչ անելիք ունենք մենք, որովհետև եթե մինչև 2022 թվականը ֆորսմաժորներ չլինեն, Ազգային ժողովն իր գործունեությունը շարունակելու է»,-ընդգծեց նա:
Քաղաքական գործիչն ասաց, որ առաջիկայում քաղաքական կարևորագույն իրադարձությունն իշխանության անցումն է լինելու: «Պետք է տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, ինչ պայքար կգնա իշխանության համար, իշխանության ներսում, ով է լինելու վարչապետը, որից հետո նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին զարգացումներ կլինեն, ու ընդդիմությունն էլ պիտի իր հստակ դիրքորոշումն ունենալ, թե ում է պատրաստվում վստահել երկիրը: Սա շատ լուրջ հարց է: Այստեղ մենք մեծ ընտրության հնարավորություն էլ չենք ունենալու. ակնհայտ է, որ կա 2 թեկնածու, ովքեր հավակնում են վարչապետ դառնալու` գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընտրապայքարը հենց այս երկու ուղղություններով է գնալու, բայց չեմ բացառում, որ փոխհամաձայնության գան, և արդյունքում խաղաղ անցում կատարվի դեպի խորհրդարանական կառավարման համակարգի, ու ըստ դրա էլ ընդդիմությունը կհասկանա իր անելիքները»,-եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը: