…որ գտնեն հանգստություն. հաշմանդամություն ունեցող երեխայի մաղթանքը (ֆոտո, տեսանյութ)
Այսօր Գյումրիի նախակրթարաններում, խաղահրապարակներում հունիսմեկյան բազմազան միջոցառումներ էին կազմակերպվել` օրը տոնական դարձնելու համար: Ամենուր կարելի էր տեսնել գեղեցիկ հանգնված երեխաներ, գույզգույն փուչիկներ, լսել մանկական մեղեդիներ ու խաղեր:
Բայց Գյումրիի մեկ այլ անկյունում մանկական տոնը այլ կերպ էին նշում : «Էմիլի Արեգակ» երեխաների խնամքի ցերեկային կենտրոնում ամեն ինչ այլ էր: Հաշմանդամություն ունեցող երեխաները հյուրընկալել էին թաղամասի հասակակից ընկերներին, միասին խաղում էին, զվարճանում, երգում, պարում ու կավիճով նկարում իրենց սիրելի հերոսներին:
Երեխաներից մեկը՝ Էդիկ Թորոյանը, առաջին կարգի հաշմանդամություն ունի, բայց կարելի է նրանից սովորել լավատեսություն, կյանքի նկատմամբ հույս ու հավատ: Նա միշտ զարմացնում է իր խելացի պատասխաններով ու այն պատրաստակամությամբ, որ թեկուզ և ինքը սայլակով է տեղաշարժվում, բայց ցանկանում է օգնել կարիքավորներին. «Ես շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ վատ պայմաններում ապրող երեխաները ապրեն լավ պայմաններում»: Հարցին, թե ինչ է պակասում երեխաներին, Էդիկը պատասխանեց. «Երեխաները պետք է հույս ու հավատ ունենան, որ կարողանան հանգստանալ: Հույսն ու հավատը Արեգակի /նկատի ունի ցերեկային կենտրոնը/ հետ կապ չունի, դա եկեղեցական է: Իսկ ամենաշատը կուզեի, որ նա, ով որ ընտանիքից դուրս է, սոցիալապես անապահով է, թող լավ տուն ունենա, զուտ իմ համար չեմ ասում, այլ բոլորի»:
«Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության համակարգող Թամարա Վանոյանն էլ նախ շնորհավորեց երեխաներին, ապա անդրադարձավ նաև խնդիրներին: Նշեց, որ երեխաները ավելի հեշտ են ընդունում, խաղում հաշմանդամություն ունեցող երեխաներին, քան մեծահասակները: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով են երեխաները ներառված մեր հասարակության մեջ ու արդյոք ներառական դպրոցները օգնեցին որոշակի խնդիրներ հաղթահարել, Թամարա Վանոյանն ասաց. «Մենք այնպես արեցինք, որ դպրոցից հետո երեխաները գան մեր ցերակային կենտրոն, ճիշտ է` դպրոցում դեռ շատ խնդիրներ կան, մասնագիտական պատրաստվածության խնդիր կա, հմտություններին քչերն են տիրապետում, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք էլ կհաղթահարվեն ու հավասար հնարավորություն կտան բոլորին» :