Կարեն Կարապետյանն ընդունել է Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը եւ բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին եւ ծրագրերին: Կարեն Կարապետյանն ընդգծել է բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը եւ նշել, որ դատաիրավական, հարկային, մաքսային եւ այլ ոլորտների բարեփոխումների իրականացումը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով, վարչապետը կարեւորել է փորձի փոխանակումը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: