30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետը Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է Սաֆարովին ներում շնորհելու հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: “Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով եւ ժամանակին իրականացվել են”,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումն է: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ կատարվող բարեփոխումների եւ երկկողմ բանակցությունների հաջող ընթացքը եւ նշել, որ Հայաստանը պատրաստ է հետագայում եւս շարունակել դրանց արագ եւ արդյունավետ գործընթացը:

Փաստելով բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած մեծ ծավալի աշխատանքը` Շտեֆան Ֆյուլեն կարեւորել է դրանց արդյունավետ շարունակականությունը: “Ես տեսնում եմ կատարված բարեփոխումների ծավալը: Մենք կշարունակենք հնարավորինս արդյունավետորեն օգնել ձեզ, որպեսզի բարեփոխումների ներուժը բարձր լինի”,- ասել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Շտեֆան Ֆյուլեն մեծ առաջընթաց է արձանագրել վիզաների դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրման բանակցություններում եւ նշել, որ դրանց ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում:

Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանադակությունը կշարունակի կիրառվել “ավելին ավելիի” դիմաց սկզբունքով: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 60 մլն եվրո ու եւս 15 մլն եվրո` հենց “ավելին ավելիի” դիմաց սկզբունքի շրջանակում:

Միաժամանակ, Շտեֆան Ֆյուլեն առաջարկել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինել Ասոցացման օրակարգով:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ դոնորների կոնֆերանսի անցկացմանը, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կողմերը քննարկել են նաեւ Ադրբեջանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցը: Մասնավորապես, վարչապետը նշել է, որ եվրոպական հանրության գնահատականներն այդ հարցում պետք է լինեն հստակ: Կառավարության ղեկավարը Շտեֆան Ֆյուլեի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, սպառազինության ուղղությամբ մեծածավալ միջոցների հատկացմանը, այդպիսով շարունակելով նախապատրաստվել պատերազմի: Տիգրան Սարգսյանի խոսքով` ԵՄ-ն պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի ուժի կիրառում, հակառակ պարագայում՝ այդ սկզբունքը խախտողի նկատմամբ կկիրառի միջազգային պատժամիջոցներ:

Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ ստորագրվել են “Եվրոպական Միություն-Հայաստան համաձայնագրերին կից շրջանակային ծրագիր-տարեկան գործողությունների ծրագիր-2011” եւ “Աջակցություն Հայաստանի կառավարությանը Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման եւ ապագա Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար-փուլ 2-Տարեկան գործողությունների ծրագիր-2011” ֆինանսական համաձայնագրերը:

Համաձայնագրերը, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 43 մլն եվրոյի օժանդակություն, ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ