Սերժ Սարգսյանը ոգեւորել է /վիդեո/
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթը Ստրասբուրգում ԵԽԽՎ վեհաժողովում բավական բուռն քննարկումների տեղիք է տվել հատկապես` ՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական կայքի օգտատերերի շրջանում: Ֆեյսբուքահայությանը հատկապես ոգեւորել էր նախագահի ելույթի Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածը:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը երեկ իր ելույթում, անդրադառնալով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, նշեց, որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է եւ կմնա մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգավորման:
“Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաեւ գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար:
Առավել եւս, որ մեր հարեւան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ”,- ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել եւ արտաքսել երկրից:
“Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, եւ լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը:
Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի եւ ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները եւ խաղաղությամբ գոյակցելու որպես հարեւաններ”:
Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում մեջբերեց հանճարեղ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խոսքերը, ում օրերս հայ ժողովուրդը մեծագույն ցավով հողին հանձնեց: Այդ խոսքերը խաղաղության, արդարության ու սթափության կոչ էին` բաց նամակ` ուղղված Ադրբեջանի մտավորականներին:
“Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք”,- ասել էր մեծ մտավորականը։
Նախագահը նշեց նաեւ, որ մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում: Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, որն աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի:
“Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները։ Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել եւ շարունակական զարգանում են ժողովրդավարական կառույցները։ Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների, օրինակ՝ “Ֆրիդըմ Հաուսի”, ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիորեն առաջ է իր որոշ հարեւաններից”,- ասաց նախագահը:։
Սերժ Սարգսյանը հավատացրեց, որ Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից:
“Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել եւս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում”, – ասաց նախագահը: