Ձուն 30 տոկոսով թանկացել է
Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ` այս տարվա սեպտեմբերին 3,2 տոկոս գնաճ է նկատվում: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
2013-ի 9 ամիսներից 4-ին է գնաճ նկատվել` հունվար, մարտ, հուլիս եւ օգոստոս ամիսներին: Մյուս ամիսներին գնանկում է նկատվել: Պարենային ապրանքներից հատկապես բարձրացել է ձվի գինը` 9,4 տոկոսով: Իսկ ահա մրգերի, բանջարերղենի եւ կարտոֆիլի գները իջել են: Հարկ է նշել, որ 2012թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա սեպտեմբերին ձվի գինն ավելացել է 30 տոկոսով: Նույն ժամանակահատվածի կտրվածքով դեղորայքի գինն ավելացել է 2,6 տոկոսով, բուժծառայություններինը` 17 տոկոսով:
Գ. Մարտիրոսյանի խոսքով` 2013թ. սեպտեմբեր ամսին, 2012թ. սեպտեմբերի հետ համեմատած, 8,2 տոկոս գնաճ է տեղի ունեցել:
Մարզերում մեկ ամսվա ցուցանիշով գնաճ է նկատվել Կապանում եւ Արտաշատում, իսկ գնանկում ամենաշատ գրանցվել է Մարտունիում եւ Վաղարշապատում:
Բանախոսը նշեց, որ այս տարվա հուլիսի 7-ից գազի եւ էլեկտրաէներգիայի գները քանի որ բարձրացան, երկու ամսվա կտրվածքով այս ոլորտում էլեկտրաէներգիայի գնաճը կազմել է 30 տոկոս, գազինը` 18,2 տոկոս: Մինչդեռ խմելու ջրի սակագինը նվազել է 1,3 տոկոսով:
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների ավելացումն ազդել է ընդհանուր գնաճի վրա 2,5 տոկոսով: