Պատգամավորները գոհ չեն՝ աշխատասենյակները մութ են ու խոնավ (ֆոտո)
Արդեն երրրորդ օր է, որ վեցերորդ գումարման խորհրդարանն սկսել է աշխատանքները, սակայն միջանցքներում պարբերաբար կարելի է մտամոլոր պատգամավորների հանդիպել: Բանն այն է, որ որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև հիմա աշխատասենյակներ չեն ստացել, շատերն էլ ստացածներից դժգոհ են: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին բաժին է հասել Առաքել Մովսիսյանի ճոխ աշխատասենյակը, ասում է՝ ժերեբյոկվայով են ընտրել: Արայիկ Գրիգորյանն էլ Սուքիաս Ավետիսյանի աշխասենյակն է վատ պայմանների պատճառով վերանորոգել:
Պատգամավորներից ոմանք դժգոհում են, որ շենքի պայմանները վատն են, իրենց սենյակներն էլ մութ, խոնավ: Օրինակ՝ «Ելքին» բաժին են հասել ՀԱԿ-ի սենյակները, որոնցից կոնգրեսականներն էլ էին բողոքում: Ալիկ Սարգսյանին ու Ֆելիքս Ցոլակյանին հատկացվել են «Ժառանգության» աշխատասենյակները: Արդեն ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է զբաղեցրել նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակը: Մյուս փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ դեռ աշխատասենյակ չունի, ասում է՝ խորհրդարանը դեռ չէր նախատեսել, որ 3 փոխնախագահ է ունենալու:
Նորընտիր պատգամավորներից շատերի անունները դեռ փակցրած չեն դռների վրա, հիմնականում հնաբնակներին է առկա: Իսկ նախկին ԲՀԿ-ականների աշխատասենյակների վրա էլ ԲՀԿ-ի փոխարեն գրված չէ «Ծառուկյան»: