ԱԺ փոխնախագահների անունները հայտնի են
Քիչ առաջ հայտնի դարձավ՝ ովքեր են ընտրվել ԱԺ փոխնախագահներ: Արձանագրվել է 100 քվեաթերթիկ. Էդուարդ Շարմազանով՝ կողմ 84 դեմ 13, Արփինե Հովհաննիսյան՝ կողմ -73, դեմ- 22, Միքայել Մելքումյան ՝ կողմ -65, դեմ -29:
Այսպիսով՝ ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը:
«Շնորհակալ եմ իմ հարազատ Հանրապետական կուսակցությանը , իմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այս բարձր պաշտոնում ինձ երրրոդ անգամ առաջադրելու համար», – Ազգային ժողովում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս շնորհակալություն հայտնեց նաև իր օգտին քվեարկած ու չքվեարկած բոլոր պատգամավորներին:
«Հուսով եմ, որ մենք առաջիկա հինգ տարիների ընթացքում կաշխատենք այնպես, որ որևէ պատգամավոր, ով կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, չի փոխի իր կարծիքը, իսկ նրանք, ովքեր որ գտել են՝ քաղաքական կամ ոչ քաղաքական պատճառներով, որ ես արժանի չեմ այս պաշտոնին, նրանք էլ կգտնեն, որ հինգ տարի անց մենք միասին ավելի լավ աշխատեցինք մեր պետության համար, լուծեցինք բազում խնդիրներ», – նշեց Շարմազանովը։
Արփինե Հովհաննիսյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր վստահել են ինձ և բոլոր նրանց, ովքեր դա չեն արել։ Շնորհակալություն եմ հայտնում ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական դիրքորոշումն արտահայտածներին։ Նվազագույնը՝ ազնիվ էր։ Ես ամեն ինչ անելու եմ իմ ելույթում հնչեցրած թեզերը իրականություն դարձնելու համար»:
Միքայել Մելքումյանն էլ իր ելույթի ընթացքում վստահեցրեց՝ իր ուժերի ներածին չափով կանի ամեն ինչ, որ իրագործի իր ներկայացրած բոլոր ծրագրերը։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին քաղաքական, անձնական ու բոլոր այլ տիպի վերաբերմունքների համար», – հայտարարեց Մելքումյանը: