Միացյալ նահանգները շարունակելու է աշխատել Հայաստանի հետ
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի մաքսային ոլորտում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ ՛՛Շարունակելու ենք աշխատել Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության հետ՝ այս խնդիրները շտկելու ուղղությամբ՛՛,-նշեց նա։
Հարցին, թե ինչպես է գնահատում հիմնական բարեփոխման կետը, այսինքն՝ գիլյոտինային ծրագիրը, որով օրենսդրական դաշտն է ուսւոմանսիրվում ու ազատվում են բոլոր այն օրենքներից, որոնք լրացուցիչ բեռ են հանդիսանում բիզնեսի համար, դեսպանը պատասխանեց. ՛՛Շատ կարևոր գործընթաց է, այն դեռ ընթացքի մեջ է, հաջողությունների մասին չենք կարող խոսել, բայց մենք հետաքրքրված ենք մասնակից լինել այդ գործընթացին՛՛։
Մեկնաբանելով ՛՛Ղարաբաղ կոմիտեի՛՛ անդամ Աշոտ Մանուչարյանի հայտարարությունը, թե Հայաստանի Մաքսային միության անդամակցությունը բոլորովին էլ անակնկալ չի եղել Միացյալ նահանգների համար, ավելին այն կատարվել է ԱՄՆ-ի ճնշման տակ՝ դեսպանը շեշտեց.
՛՛Ինչպես ես արդեն իսկ ասել եմ վերջին հարցազրույցներում, նույն պատասախանը կտամ՝ Հայաստանն ինքն է որոշում և Միացյալ նահանգները և Հայաստանի բարեկամ գործընկերները շարունակելու են աշխատել Հայաստանի հետ՛՛։