Վարչապետն ազատեց աշխատանքից
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած ՛՛Բաժնետիրական ընկերությունների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարը նշեց, որ նախագծի ներկայացման նպատակը բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը ավելացնելու և դրանով իսկ, ընկերությունների ֆինանսական կայունության աստիճանը բարձրացնելու օրենսդրական սահմանափակումները վերացնելն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այս բնագավռում լուրջ խնդիր կա: ՛՛Պարզվում է, որ դեռևս կան ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատամամբ:
Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխենք տնօրենին, եթե չկան հիմնավոր բացատրություններ, թե ինչ պատճառով է պետական ձեռնարկությունն աշխատում վնասով՛՛,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վերջինս շեշտեց, որ կան դեպքեր, երբ 100% պետական ֆինանսավորում ստացող ձեռնարկություններն են վնասով աշխատում, ինչը ևս խնդիր է: