Կառավարությունը բնակարաններ է խոստանում պետական ծառայողներին
Կառավարության նիստում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով շինարարության ոլորտին, ասաց, որ 2013 թվականի վիճակագրական տվյալներով շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան:
՛՛Մասնավորապես այս պահի դրությամբ մենք արձանագրել ենք ութ ու կես տոկոս անկում շինարարության ոլորտում: Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն է և արդյունաբերությունը, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է՛՛,-ասաց վարչապետը:
Մյուս կողմից պահանջարկ կա էկոնոմ կլասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ: ՛՛Եթե օտարերկացիները ՀՀ-ում ձեռք են բերում բնակարան, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ կստանան կացության վկայական և որևիցե խնդիր չեն ունենա Հայաստան մուտք գործելու առումով:
Մեր հիմնական թիրախը լինելու է խթանել, որ ՀՀ քաղաքացիները ձեռք բերեն բնակարաններ: Մենք սկսելու ենք մի աշխատանք, որով 2014 թվականին պետական ծառայողների համար հասանելի դարձնենք բնակարանները , որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիպոտեկային վարկերով բնակարաններ ձեռք բերել՛՛:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիպոտեկային ցանկացած սխեմայով պահանջվում է կանխավճար, շատ հաճախ պետական ծառայողները չեն ունենում ադյ կանխավճարային գումարները և չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել, որոնց արժեքը մինչև քսանհինգ միլիոն դրամ է:
՛՛Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք` 30 տոկոսոի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը: Երկրորդը պետք է կազմենք պետական ծառայողների ցուցակներ, ովքեր ցանկություն ունեն այսպիսի հիպոտեկային վարկից օգտվել և այդ նպատակով ստեղծվելու է աշխատաքային խումբ:
Դիմում ենք քաղաքապետարանին՜ խնդրելով, որպեսզի Երևանում հարմար տարածքներ փորձենք հայտնաբերել՝ նպատակ ունենալով այդ տարածքները տրամադրել կառուցապատողներին, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում իրականացնել կառուցապատում՛՛,-կառավարության մոտեցումները ներկայացարեց վարչապետը: