Բացառիկ իրավիճակ` երբ կասի Սերժ Սարգսյանը. Ժամանակ
Եվ այսպես, ապրիլի 2-ի քվեարկությունից մեկ ամիս անց վերջապես հայտնի են այն անունները, որոնք պետք է կազմեն այսպես ասած Հայաստանի նոր խորհրդարանը, որը մեկ տարի անց, փաստորեն, հանդիսանալու է ներկայացուցչական միակ ինստիտուտը հայաստանյան ներքաղաքական ու պետական կյանքում: Մեկ ամիս շարունակ իշխանական մեծամասնությունն ու այսպես ասած ընդդիմադիր մեծամասնությունը որոշում էին, թե ովքեր պետք է վերցնեն մանդատները, իսկ ովքեր պետք է հրաժարվեն դրանցից: Ընդ որում, այդ որոշումը կամ գործընթացը տեղի էր ունենում հանրությունից բացարձակապես հեռու, բացարձակ փակ միջավայրում, առանց դույզն իսկ հաշվետվողականության:
Ըստ էության, տեղի ունեցավ գրեթե արտառոց մի երևույթ, արտառոց ընտրական մի համակարգ, որտեղ քաղաքացիները քվեարկում են, սակայն, ըստ էության իրենք էլ չգիտեն, թե ում, որովհետև հետո խորհրդարանական մանդատների տերերին որոշում են ընդամենը մի քանի այլ քաղաքացիներ, որոնք ունեն բարձրագույն իշխանություն:
Այդ իմաստով, շատ է խոսվում այն մասին, թե խորհրդարանի ընտրությունը առանձնացավ հետընտրական թեժության բացակայությամբ: Իրականում, հետընտրական թեժությունն առկա էր, սակայն ի տարբերություն նախկին որևէ ընտրական գործընթացի, այդ թեժության միջավայրը ոչ թե ընդդիմությունն ու հասարակությունն էին, այլ իշխանությունը:
Եվ այս իմաստով մենք ունենք իհարկե բացառիկ մի ընտրական ու հետընտրական պատկեր: Դժբախտաբար, բացառիկ ամենևին ոչ այդ բառի դրական իմաստով: Հայաստանում ըստ էության կատարելագործվել է անպատասխանատու, անհաշվետու քաղաքականության ինստիտուտը, այն հասցվել է այսպես ասած «լավագույն ընտրության» մակարդակի:
Այսպիսով, խորհրդարանը իրականում ոչ թե պետական, քաղաքական-հասարակական ներկայացուցչականության հարթակ է, այլ ներիշխանական փակ բաժնետիրական մի ընկերություն, որը ընդամենը կորպորատիվ կառավարման մի օղակ է: Այստեղ ներքին կարգով կատարվում են նշանակումներ ու վերադասավորումներ, ըստ այսպես ասած «կորպորատիվ շահի», ըստ «արտադրական անհրաժեշտության»:
Այդ տեսանկյունից էլ պետք է դիտարկել պատգամավորական ցանկերը: Մեծ հաշվով, այստեղ, իհարկե, անակընկալներ չկան, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների շուրջ հայտնի աղմուկից բացի: Անվանումները դիտարկելիս հարկ է նկատի ունենալ մի էական հանգամանք:
Խորհրդարանական երեք խմբակցությունների՝ գերակշիռ մասով առաջին երկուսի՝ ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք, և որոշակիորեն նաև ՀՅԴ պատգամավորների անհատական վարքը հնարավոր կլինի սկզբունքորեն դիտարկել միայն այն ժամանակ, երբ որոշակիանան Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը, և նա, քիչ թե շատ, կոնկրետ ինչ որ բան ասի 2018-ի կապակցությամբ՝ կամ գնում է քաղաքականությունից, կամ մնում՝ որպես վարչապետ, կամ մնում այլ պաշտոնով կամ կարգավիճակով, կամ նոր պաշտոն ու կարգավիճակ ստեղծում, կամ մնում ՀՀԿ նախագահի պաշտոնում, կամ որևէ այլ հավանական ու անհավանական տարբերակ: Քանի դեռ այս հանգամանքը պարզ չէ, գործնականում հնարավոր չէ ճշգրտորեն դիտարկել ՀՀԿ մեծամասնության կազմն ու հնարավոր վարքը:
Այստեղ իհարկե կան անուններ, որոնք ակնհայտորեն կարելի է դասել Սերժ Սարգսյանի հավատարիմների ճամբարին, վարչապետ Կարեն Կարապետյանի հավատարիմների ճամբարին: Առայժմ 2018-ի համատեքստում երկու պայքարող բևեռները նրանք են: Կարող ենք գտնել որոշակիորեն Հովիկ Աբրահամյանի ճամբար, թեև, առայժմ պարզ չեն Աբրահամյանի հավակնությունները: Սակայն միևնույն ժամանակ հստակ է, որ այդ ճամբարային ծավալները այնպիսին չեն, որ ինքնին ունենան միանձնյա վճռորոշություն: Հետևաբար, նրանց պետք են լինելու զգալի թվով հավելյալ ձայներ:
Իսկ այստեղ արդեն վարքի դիտարկումը կախված է լինելու այն բանից, թե ինչ է որոշելու և հրապարակայնացնելու ներկայումս ամենամեծ իշխանություն ունեցող մարդը՝ Սերժ Սարգսյանը: Իրական խորհրդարանը պարզ կլինի հենց այդ ժամանակ: