Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրասպորտի ոլորտն ամբողջապես փոփոխություն կենթարկվի. Տարոն Մարգարյանը՝ Նոր Նորքի բնակիչներին
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ:
Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի թերևս ամենամեծ խնդրի՝ հանրային տրանսպորտի անբավարար վիճակը օր առաջ կարգավորելու և ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:
«Մի քանի տարի առաջ հասարակական տրանսպորտի ոլորտում մատուցվող ծառայությունների որակը գոնե որոշակիորեն բարելավելու նպատակով, մենք հանդես եկանք մասնակի լուծման առաջարկով, ինչը հաջողություն չունեցավ: Դրանից հետո անցած տարիներին, ցավոք, իրականացան նաև մեր այն կանխատեսումները, որ ոլորտն օրեցօր ավելի խորը ճգնաժամի մեջ կհայտնվի, ինչը մեր ընդիմախոսներն այն ժամանակ ներկայացնում էին որպես հանրությանը ուղղակի վախեցնելու փորձ:
Մինչդեռ մենք այն ժամանակ էլ էինք նշում, որ մասնակի այդ լուծումն ընդամենը ժամանակ շահելու նպատակ ուներ, մինչև հասցնեինք մշակել ու կյանքի կոչել ոլորտի համակարգային բարեփոխման ծրագիրը: Ինչևէ, մենք այս տարիներին ձեռքներս ծալած չնստեցինք և ուսումնասիրելով միջազգային փորձն ու բազմաթիվ մասնագիտական քննարկումներ ունենալով, զինվել ենք համապատասխան փորձով ու պատրաստ ենք համակարգային բարեփոխման գործընթացը հաջողությամբ իրականացնել»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ առաջիկայում միջազգային խորհրդատու կազմակերպությունը կմշակի և քննարկման կներկայացնի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուսումնասիրության արդյունքներն ու երթուղային նոր ցանցի առաջարկը:
«Դրա հիմքում լինելու է նախընտրական մեր ծրագրով նախատեսված հանրային տրանսպորտի ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխան համակարգային փոփոխության իրականացումը։ Դա ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում: Եվ համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը կիրականացնի նաև ա՛յս ծրագիրը՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը»:
Բակային հանդիպումների ժամանակ անդրադառնալով նաև արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերին, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ բնակիչների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ «Հանուն Երևանի» հնգամյա ծրագիրը ևս հաջողությամբ կյանքի կկոչվի՝ ապահովելով Երևանի համաչափ ու աստիճանական զարգացումը:
«Դուք բազմիցս եք համոզվել, որ ես և իմ թիմի անդամներից յուրաքանչյուրը ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին: Ոչ թե ընտրությունից ընտրություն ենք այցելում ձեզ, որ ծանոթանանք ձեր հոգսերին և հուզող խնդիրներին, այլ մեր ամենօրյա աշխատանքով ու ձե՛զ հետ անմիջական շփվելով ենք վեր հանում առկա խնդիրներն ու փորձում լուծումներ տալ դրանց: Հենց այդ շփումների շնորհիվ է, որ այսօր ձեզ ներկայացվող նախընտրական մեր ծրագրում անցած այդ 4 տարիների ընթացքում վերհանված խնդիրների լուծման եղանակներն են նշված, որոնք իրատեսական են ու իրագործելի»,– նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին վստահել այն ուժին, որը հանդես է գալիս իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, այն ուժին, որն ունի փորձառու և բանիմաց թիմ, նրանց, ովքեր լա՛վ գիտեն բնակչին հուզող խնդիրներն ու եղել և շարունակելու են լինել քաղաքացիների կողքին՝ հանուն երևանցու ու Երևանի: