Վահագն Չախալյանի կոչը Վրաստանի նախագահի թեկնածուներին
Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
”2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը
Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրները՝ սահմանելով դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ:
Մասնավորապես, լուծման են սպասում հետևյալ հիմնական հարցերը.
– Խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիների վերադարձը,
– Հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը.
– Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի դասաժամերի թվի վերականգնումը, Հայոց պատմություն առարկայի դասավանդման թույլատրումը.
– Սաակաշվիլու իշխանության օրոք փակված հայալեզու դպրոցների վերականգնումը.
– Ախալքալաքում հայալեզու հիմքի վրա համալսարանի բացումը,
– Ճնշումներից անկախ տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը:
Վրաստանի հայ բնակչության լեզվի, կրոնի, մշակույթի և ավանդույթների պաշտպանության իրավական մեխանիզմների ամրապնդման առումով նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման խնդրի նկատմամբ, ինչպես նաև պարտավորվեն ամբողջ ծավալով կատարելու Վրաստանի կողմից դեռևս 2006-ին վավերացված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան:
Նախագահի թեկնածուները պետք է նաև քաղաքական գնահատական տան Սաակաշվիլիի-Մերաբիշվիլիի ռեժիմի հանցավոր քաղաքականության դրսևորումներին Սամցխե-Ջավախքի հայ բնակչության նկատմամբ, ինչպես նաև անդրադառնան հայաբնակ շրջաններում և Վրաստանի այլ տարածքներում արդարության վերականգնման, օրենքի գերակայության ևւ ժողովրդավարության լիարժեք հաստատման խնդրին”: