Թրքուհին Ծիծեռնակաբերդ էր եկել՝ անմոռուկը կրծքին /տեսանյութ/
Տիկին Դյոնե Գյունդուզն ազգությամբ թուրք է, թուրք, ով հստակ գիտակցում է՝ 1915-ին Թուրքիայի կողմից՝ հայ ազգի դեմ իրականացրած հանցագործությունը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, ոճրագործություն:
Նա Հայաստան է ժամանել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից՝ կիսելու հայ ժողովրդի մեծ ցավը, ներում հայցելու իր նախնիների գործած ոճրագործության համար: Տիկին Դյոնե Գյունդուզը «Միություն՝ ընդդեմ ցեղասպանության» ՀԿ անդամ է:
Տեսախցիկից այն կողմ, երբ դեռ զրույցը չէինք սկսել, տիկին Գյունդուզը հուզված էր՝ անմոռուկը կրծքին, ցավի և հայի վիշտը կիսելու պատրաստակամությունն աչքերում: Զրույցի ընթացքում հասկացա՝ Դյոնե Գյունդուզը ամաչում էր իր նախնիների գործած ոճրագործության համար ու ցավը կրկնապատկվում էր, երբ գիտակցում էր՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը:
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի վարչական կենտրոնի ժխտողական կեցվածքը: Երանի նրանք այսօր այստեղ լինեին ու ծնկի գային այստեղ՝ անմեղ զոհերի հուշակոթողի առաջ: Մենք՝ «Միություն՝ ընդդեմ ցեղասպանության» անդամներս, եկել ենք այստեղ՝ հայ ազգի ցավը կիսելու համար և դատապարտում ենք Թուրքիայի պետական, պաշտոնական այս կեցվածքը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Դյոնե Գյունդուզը:
Մեր հարցին՝ հավանակա՞ն է, որ մոտ ապագայում Թուրքիան դադարեցնի ժխտողական քաղաքականությունը և ընդունի Հայոց ցեղասպանությունը, Գյունդուզը պատասխանեց.
«Մենք լծված ենք այդ աշխատանքներին և մեր հույսը չենք կորցնում: Ապրիլի 24-ին «Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության» հանձնախումբը Ստամբուլում հիշատակկի արարողություն, ցույց է կազմակերպել: Այսպիսի մարդիկ պիտի շատանան, որ Թուրքիայի իշխանությունը հասկանա՝ ստիպված է առերեսվել պատմական իրողության հետ», – նշեց Դյոնե Գյունդուզը՝ հավելելով՝ Թուրքիան երբեք չի կարող ժողովրդավարական հանրապետություն կոչվել, քանի դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: