Դանակը եղել է տուժածի ձեռքին․ նոր մանրամասներ Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքից /ֆոտո/
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել:
Դեպքի մասին թաղամասի բնակիչներից մեկը ահազանգել է Գյումրու շտապբուժօգնության կայան: Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է:
Ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է: Նախնական տեղեկություններով, նա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, Կրասնոդարի բնակիչ:
Ինչպես տեղեկացրեց Գյումրու Շտապբուժօգնության աշխատակիցը` զինծառայողը ստացել է վնասվածք սուր կտրող գործիքով: Դանակը եղել է տուժածի ձեռքին: Գլխի հատվածում վնասվածքներ են եղել: Դանակը եղել է խոշոր, հավանաբար խոհանոցային դանակ:
Թաղամասի բնակիչներից միայն մեկը վախեցած նշեց, որ ռուս զինծառայողը գնումներ է կատարել խանութից, այնուհետև դուրս է եկել և վեճի բռնվել հայ երիտասարդներից մեկի հետ` <<Հետո էլ հանկարծ, չհասկցանք ինչղ էդ ջահել տղեն ռուս զինվորականի վզին զարկեց, ինչ էրավ, չհասկցա…>>:
Հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով:
Դեպքի վայրում էին ոչ միայն հայ իրավապահները, նաև Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմից զինվորականներ: Համապատասխան միջոցառումներ են իրականացվում դեպքի մանրամասները պարզել ու համար