Կրծողները վնասել են տնկարաններն ու բերքատու ծառերը․ գյուղացիները անելանելի վիճակում են
Արարատի մարզի Նարեկ համայնքում այս տարի գարնանը տնկարաններ ունեցող գյուղացիներն անելանելի վիճակում են հայտնվել․ մկներն ու նապաստակները վնասել են տնկարաններն ու բերքատու ծառերը։
«Տնկարանները մկները կերան, գարունը եկավ, կանգնեցինք խնդրի առաջ։ Ինչպես նկատել ենք, միայն ընկույզի ծառերն են, որ չեն կերել մկներն ու նապաստակները։ Երևի յոդը մեջը շատ է, դրա համար չեն ուտում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց նարեկցիներից մեկը։
Վերջինս շեշտեց ՝ եթե տնկիների կեղևները կրծողները վնասած են լինում, այդ ծառը չորանալու է, իմաստ չունի այն տնկել, պարարտանյութ օգտագործել, մշակել, անիմաստ չարչարվել։ Շատերը վնասված ծառերը հանել են հողից, լցրել հողամասերում․ ափսոս է, բայց ի՞նչ արած, կծառայի որպես վառելիք․․․ Կան գյուղացիներ, ովքեր աշնանը նախապես թույն են լցրել մկների բների մոտ․ այդ գյուղացիների տկարանները համեմատաբար քիչ են վնասվել, որոշ գյուղացիներ էլ այդ կանխարգելիչ քայլը չեն արել՝ մտածելով, որ ամեն տարվա նման այս տարի էլ ամեն ինչ լավ կլինի։
«Ասենք՝ խնձորի տնկին 500 դրամ արժե, ու կան տնկարաններ, որոնցում խնձորի տնկիների ավելի քան 60 տոկոսը կրծողները վնասել են․ հիմա ի՞նչ անի խեղճ գյուղացին։ Դա էլ բանական չէ, կրծողները տեղ-տեղ բերքատու ծառերն էլ են վնասել․ դրանցից շատերը չորանալու են․ եթե ծառը առանց կեղևի է մնում, ուրեմն չի կարողանում սնվել ու վերջում հաստատ չորանում է», – եզրափակեց մեր զրուցակիցը։