Կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:
2017թ. ապրիլի 12-ին` ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 հասցեում կրակոց է հնչել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը : Դեպքի վայրում հայտնաբերվել է Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչուհու դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ մայթին կից կրպակների միջև հայտնաբերվել է KH 32904 գործարանային համարով մեկ փողանի կարճեցված փողով որսորդական հրացան:
Նույն օրը ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել է կնոջ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը և հարցաքննվել։ Նախնական տվյալներով՝ անձնական խնդիրների պատճառով ամուսիններն ունեցել են լարված հարաբերություններ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատակենսաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:
Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով խնդրում ենք ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ տուժողին և կասկածյալին նույնականացնող տվյալները հրապարակելուց։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: