Սերժ Սարգսյանը կորցրել է իրավիճակի նկատմամբ որևէ վերահսկողություն. Արամ Մանուկյան
Ներկայացնում ենք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյաի հայտարարությունը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին
՛՛Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ հասարակությունը ականատես եղավ արտառոց գաղտնիության պայմաններում տեղի ունեցած մի շարք՝ մեր երկրի համար ճակատագրական իրադարձությունների.
Հայ – թուրքական արձանագրությունների ստորագրում.
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ.
Միացյալ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ հայտարարություն.
Գազի գնի բարձրացումներ (մինչև հիմա մենք չենք ստացել գազի գնի բարձրացման պայամանգիրը, ինչպես նաև խոստացված՝ գնի սուբսիդավորման վերաբերյալ որևէ տեղեկություն):
Բոլոր այս գործընթացները գաղտնի են պահվել թե՛ Հայաստանի հասարակությունից, թե՛ քաղաքական ուժերից և թե՛, որոշ դեպքերում, անգամ Հայաստանի կառավարությունից (ինչը ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Մեջբերեմ. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է հանրապետության նախագահի հետ համատեղ»): Փաստերը վկայում են, որ երբեմն գործընթացներից տեղյակ չի եղել նաև իշխող կոալիցիան: Ասվածի հաստատումը տեսնում ենք տարբեր պաշտոնյաների և իշխող կոալիցիայի ներկայացուցիչների՝ միաժամանակ արված իրարամերժ հայտարարություններում: Նշեմ, որ չնայած բազմաթիվ պատգամավորների պահանջների, նշված խնդիրների առնչությամբ, անգամ սկզբունքների շուրջ, չկազմակերպվեցին նույնիսկ փակ լսումներ պառլամենտում:
Ոչ հրապարակային և կամայական այս գործելաոճի հետեւանքով Եվրոպական Միության եւ Ռւսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն եւ լարվածություն, է՛լ ավելի է բարդացել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու խնդիրը, ոչնչացվել է միջազգային ասպարեզում Հայաստանի՝ որպես վստահելի եւ կանխատեսելի գործըներոջ վարկը:
Ակնհայտ է, որ հասարակությունից գաղտնի գործողություններ կատարելը պայմանավորված է նրանով, որ չունենալով լեգիտիմության անգամ չնչին պաշար և, հետևաբար, հասարակական աջակցություն՝ Սերժ Սարգսյանը կորցրել է իրավիճակի նկատմամբ որևէ վերահսկողություն, ամբողջովին մեկուսացել է թե՛ հասարակությունից և թե՛ քաղաքական ուժերից, և նա ճակատագրական հարցերում ոչ թե կայացնում է որոշումներ երկրի և ժողովրդի համար, այլ ընդամենը կատարում է իրեն օտարների կողմից պարտադրված որոշումները, ինչը նսեմացուցիչ է ոչ միայն իր, այլև երկրի և ժողովրդի համար, ինչը խաթարում է Հայաստանի սուվերենությունն ու վիրավորում ժողովրդի արժանապատվությունը:
Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը Հայաստանին սպառնում է նորանոր անկանխատեսելի և վտանգավոր զարգացումներով: Երկրի միջազգային վարկի վերականգնումը, բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների շարունակականությունը ապահովելը, անվտանգության խնդիրների լուծումը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը անհնարին է ռեժիմի գոյության պահպանման պայմաններում, եւ անհրաժեշտ է Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերի միավորումը ոչ օրինակարգ իշխանության հեռացման եւ ազգային շահերը պաշտպանող իշխանության ձեւավորման նպատակի շուրջ՛՛: