՛՛Հյուսիս-հարավ՛՛ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են նոր ֆինանսական աղբյուրներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ ներկայացուցիչների հետ՝ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ:
Մարկ Հորթոնը նախարարին ներկայացրեց նորանշանակ Տերեսա Դաբան Սանչեսին, ով ԱՄՀ մշտական ներկայացուցիչն է Հայաստանում:
Հանդիպման ընթացքում Մարկ Հորթոնը նախարարից հետաքրքրվեց Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական, մասնավորապես “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդրումային ծրագրի կատարման ընթացքի մասին:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ “Հյուսիս-հարավ ” ծրագիրը խոշոր ռազմավարական ծրագիր է Հայաստանի տնտեսության զարգացման համար:
“Որոշակի խնդիրների պատճառով ծրագրի ընթացքը դանդաղեց՝ կապված վերահսկող կազմակերպության աշխատանքների և շինարարության որակի թերացումների հետ: Նախարարության խիստ մոտեցումների շնորհիվ այժմ ծրագրի աշխատանքները, որոնք հավասարաչափ սկսվել են և´ հյուսիսում, և´ հարավում, բնականոն ընթացքի մեջ են:
Բացի Ասիական զարգացման բանկից, ծրագրի ֆինանսավորման հարցում մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաև Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի Հակաճգնաժամային հիմնադրամի հետ”,-ասաց նախարարը: Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ ամբողջ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են նոր ֆինանսական աղբյուրներ:
Մարկ Հորթոնը հետաքրքրվեց նաև “Հայաստանի հարավային երկաթուղի” ծրագրի իրականացման ընթացքից, որին ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ առայժմ ընթանում են նախագծի իրագործելիության ուսումնասիրությունը, որի ավարտից հետո այն կներկայացվի հանրությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն