Ալիեւից պատասխան են սպասում. Իրավունք
Ընդ որում, հիմնականում առաջին պլանում է մնում զինադադարի վերահսկման մասին մեխանիզմների կիրառումը, որոնց, ի դեպ, այս վերջին հայտարարությամբ անդրադարձել էր ինչպես ֆրանսիական, այնպես էլ ռուսական ԱԳ-ների ներկայացուցիչները: Իսկ դա եւս մեկ անգամ հուշում է
` հիմնական ճնշումները շարունակում են ուղղված մնալ Ալիեւի դեմ, ով համառորեն հրաժարվում է նշված պարտավորությունները կատարելուց:
Չնայած այս ամիսներին Ալիեւին ուղղված ճնշումները շատ ավելի կոշտ էլ են եղել: Բայց, եթե նաեւ հայաստանյան ընտրությունների պատճառով բանակցային հարկադրական թայմ-աուտը հաշվի առնելով, դրանք հիմնականում հայտարարությունների բնույթի էին, ապա արդեն կարող են նաեւ գործնական ընթացք ստանալ: Օրինակ ՌԴ-ում ադրբեջանական տարբեր կառույցներ հատկապես վերջին ժամանակներս սկսել են տարաբնույթ խնդիրների առաջ հայտնվել, որը հազիվ թե Բաքուն չընկալի, որպես ճնշումային գործնական մեխանիզմ:
Նման ճնշում կարելի է համարել նաեւ նախօրեին Թուրքիայից հնչած հայտարարությունը: Ըստ այդմ Անկարան պլանավորում է առաջիկա սահմանադրական հանրաքվեից հետո սկսել իր արեւելյան Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ սահմանների ականազերծման աշխատանքները: Նկատենք. Իրանի հետ սահմանային կոնֆլիկտներ Թուրքիան տասնամյակներով չի ունեցել, եւ ասել, թե այնտեղ կան ականապատված գոտիներ, այնքան էլ տրամաբանական չի թվում: Առավել եւս երբեք ականապատված չի եղել Ադրբեջանի Նախիջեւանի հետ սահմանակից մի քանի կիլոմետրանոց հատվածը:
Բայց ահա Հայաստանի հետ սահմանները դեռ ԽՍՀՄ ժամանակներից սկսած երկու կողմից էլ խիստ վերահսկողության տակ էին, այսինքն այստեղ ականապատված գոտիների առկայությունը միանգամայն ռեալ է: Իսկ դա նշանակում է, որ երբ Թուրքիան խոսում է սահմաններն ականազերծելուց, ապա, առաջին հերթին, հենց հայաստանյան ուղղությունը նկատի ունի: Իրականո՞ւմ էլ Անկարան պատրաստվում է նման գործընթացի, դա ժամանակը ցույց կտա: Բայց նկատենք, որ այդ հայտարարությունը ցավագին կերպով ընդունեցին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ առաջ տանելով այն թեզը, թե այդ կերպ Անկարան նախապատրաստվում է Հայաստանի հետ սահմանը բացելուն: Այսինքն որն էլ լինի Թուրքիայի իրական նպատակը, նշված հայտարարությունն Ադրբեջանն ընկալում է որպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս հնչեցրած հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտնի հայտարարությանը Թուրքիայի տված արձագանքը: Այսինքն սպառնալիք Բաքվին, որ եթե չգնա դարաբաղյան թեմայով լուծումների, ապա Անկարան արդեն չի հրաժարվի իր շահից եւ կգնա Հայաստանի ԵՏՄ-ի հետ սահմանը բացելուն:
Իհարկե, Թուրքիան միաժամանակ շարունակում է նաեւ «ատամ ցույց տալ» Մոսկվային: Այդ թվում`օրերս խոսակցություն գնաց, որ Անկարան պատրաստվում է Բաքվի եւ Թբիլիսիի հետ համատեղ ինչ-որ զորավարժություններ անցկացնել: Բայց դա գրեթե ոչինչ չի ասում: Նախ Վրաստանում շատ ավելի ծանրակշիռ է դարձել այն համոզվածությունը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բառացիորեն հոշոտում է վրացական պետականությունը: Այսինքն եթե մի քանի տասնյակ զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ էլ անի, մեկ է Թբիլիսին Անկարայի ու Բաքվի հետ ունի ռազմավարական նշանակության 180 աստիճանով տարբերվող շահեր:
Եվ Անկարան էլ թերեւս քաջ հասկանում է, որ արեւմտյան ուղղությամբ քաղաքականությունը խորը փակուղու մեջ է: Այսինքն եթե կրկնի նաեւ ՌԴ-ի հետ նախկին թշնամանքը, ապա հեռանկարը աշխարհաաքաղաքական մեկուսացումն է, Քուրդիստանի ձեւավորումը եւ ընդհուպ մինչեւ Թուրքիայի մասնատումը:
Մի խոսքով, այսպիսի ընդհուպ մինչեւ պետության անվտանգության հարցեր են կապված թուրք-հայկական սահմանը բացել-չբացելու հարցի հետ: Եվ Բաքուն էլ իր հերթին հասկանում է, որ աշխարհաքաղաքական այս իրողությունների պարագայում Անկարայից երաշխիքներ սպասելը միամտություն կլինի: Այսինքն նաեւ այս իրողությունները հաշվի առնելով է ստիպված դարաբաղյան թեմայի այս գերակտիվացմանը արձագանքել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: