Սիրիայից ներգաղթած փախստականներին հնարավորինս լայն աջակցություն պետք է ցուցաբերվի
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/ashot_hovakimya_1378710639.jpg)
Սեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Քրիստոֆ Բիրվիրթին: Վերջինս ՀՀ փոխարտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրման նամակը:
Ողջունելով պարոն Բիրվիրթին՝ ՀՀ փոխարտգործնախարարը շնորհավորեց նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ համագործակցությանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Փոխնախարար Հովակիմյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գրասենյակի հետ աշխատանքը՝ հաշվի առնելով թե՛ ոչ վաղ անցյալում և թե՛ ներկայումս փախստականների հետ կապված խնդիրների առկայությունը և երկրի ջանքերն ուղղված այդ հարցերի լուծմանը: Մասնավորապես, խոսվեց նաև Սիրիայից ներգաղթած փախստականներին հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունների մասին:
Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահություն հայտնեց, որ ապագայում ևս արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի: Ի հերթին պարոն Բիրվիրթը վստահեցրեց, որ գրասենյակը կանի առավելագույնը՝ Հայաստանում փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար: