Ադրբեջանցին պիտի հիմար լինի, որ նման կերպ էլի թեժացնի. Վովա Վարդանով
«Պատերազմը սկսվել է ու չի ավարտվել, ապրիլյան թեժացումներ միշտ հնարավոր են, ուղղակի մեծ հարց է, թե կգնա պատերազմի Ադրբեջանը, ես կարծում եմ՝ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Ապրիլից հետո, կարելի է ասել, մեր զինված ուժերը շատ լուրջ հետևություններ են արել, այդ որոշակի անսպասելիությունն այլևս չի լինելու, ադրբեջանցին պիտի հիմար լինի, որ նման կերպ էլի թեժացնի: Եթե դիրքերի հագեցվածությունը շատ քիչ էր առաջ, հիմա բոլոր դիրքերում մերոնք շատ լավ են հագեցված, դրա ապացույցներն ունեցանք նախապատրաստական գործողությունների կանխման ժամանակ մեկ ամիս առաջ»,-հավելեց նա: Ըստ Վարդանովի՝ բանակում փոփոխություններ կան, հետևություններ արվել են:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր ու նախագահ Արա Պապյանն ընդգծեց, որ տեսանելի է, որ Ադրբեջանի ղեկավարության ոչ հռետորաբանությունը, ոչ ռազմավարությունը չի փոխվել, մաշացնող տակտիկա են վարում, այսինքն՝ ամեն օր, ամեն շաբաթ կրակոցներ արձակելով, զոհեր տալով Հայաստանին ուզում են ոչնչացնել ու թուլացնել:
«Իրենց հիմնական խնդիրն Արցախը չէ: Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որ կարծում են, որ հողեր տալով Ադրբեջանի հետ համակարտությունը կսպառվի, ես համաձայն չեմ: Տվեք վաղը ամբողջ Արցախն Ադրբեջանի, դրանով խնդիրը չի դադարի, իրենք ամբողջ հայկական հարցն են դնում, եթե մենք ուզում ենք խաղաղություն պահպանել, դա ռազմաքաղաքական հավասարակշռությունն է, թուլացնել Ադրբեջանին, պահպանել մեր դիրքերը, այդպես կարող ենք հավասարակշռությունը պահպանել»,-նկատեց նա:
Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ հավելեց, որ ապրիլին էլ Ադրբեջանի նպատակը միայն մեզ մեծաքանակ զոհեր պատճառելը, վնասներ հասցնելն ու հետ գնալը չէր: «Իրենք ամենաքիչը մի 15-20 կիլոմետր կուզենային՝ մխրճվեին: Եթե լայն իմաստով նայում ենք, սա ծանր գնով բայց հաղթանակ էր, ու շատ կարևոր է, որ մարդիկ այս զգացումն ունենան, որ մենք շատ ծանր ժամանակաշրջանում կարողացանք հաղթանակ ապահովել: Կարևոր է, որ ունենանք այդ զգացողությունը, որ մեր բանակը մեզ պաշտպանում է, իսկ կորուստներ, այո, իհարկե, եղել են, բայց ամեն դեպքում սթափեցնող ազդեցություն թողեց մեր բանակը»,-շեշտեց հոգեբանը:
Վովա Վարդանովը հավելեց, որ մշտական սթրեսում ապրելը միշտ անհնար է, ցանկացած մարդու մոտ մեխանիզմներ են միշտ միանում, մարդն աստւճանաբար սառչում է, երբ ամեն օր պատերազմի, կորուստների մասին է լսում, սակայն սառչել պետք չէ: «Վտանգներ կան էլի, և պետք է այնպես անել, որ սթրեսից փակվելու մեխանիզմները մեզ չկուրացնեն»,-եզրափակեց նա: