Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված հայերի ինքնությունը հայտնի է․ նրանց խոշտանգել են /ֆոտո/
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցիկում երկու տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։
Պարզվել է սպանված տղամարդկանց ինքնությունը, նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: «Московский Комсомолец»-ի տեղեկացմամբ, իրավապահները կարծում են, որ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և քերծվածքներ:
Ինչպես նշվում է, «Մերսեդես» մակնիշի մեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ կայանված է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է զանգահարել:
Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան եւ բեռնախցում երկու դիակ հայտնաբերել: Քննիչները կարծում են, որ սպանությունը պատվիրված է եղել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։