Արտոնություններն իրենց արդարացնո՞ւմ են
2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից: Ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն:
Henaran.am-ի հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասաց, որ դեռևս պարզ չէ, թե անհատ ձեռներեցին տրվող հարկային արտանությունների արդյունքն ինչպիսին է, տվյալներ դեռ չկան,թե ինչքան ձեռներեց է սկսել այս գործունեությամբ զբաղվել:
«Բայց մեր տեղեկատվական բազայում հաշվառված են ինքնազբաղվածներ, որոնք որ արտոնագիրն ստացել են առանց արտոնագրային վճարի և իրականացնում են համապատասխան գործունեություն»,-նշեց նա:
Հետաքրքրվեցինք՝ կա՞ն էլի խմբեր, ում արտոնություններ են տրվելու, նա պատասխանեց, թե նման նախաձեռնություն այս պահին չունեն:
«Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին է սա նախաձեռնվել, ու որոշվել է, որ այդ անձանց հնարավորություն ընձեռնվի, որ ինքնազբաղված անձանից վերածվեն գործատուների: Մեր նպատակն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն տանք, որ նրանք էլ զբաղվեն գործարարությամբ: Ե՛վ պետությանը, և՛ ինքնազբաղվածին ձեռք է տալիս այդ կարգավիճակից վերածվել գործատուի կարգավիճակի: Երբ արդեն կվերածվի գործատուի կարգավիճակի, ինքն արդեն, բնականաբար, օրենքով սահմանված հարկերը կվճարի»,-եզրափակեց ՊԵԿ նախագահի տեղակալը: