«Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կհիմնվեր»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեհմեթ Էրդողանը ուշագրավ մեկնաբանություններ է արել 2016թ. ձախողված հեղաշրջման վերաբերյալ:
Ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Գազիանթեպում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը կարծիք է հայտնել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման հզոր առաջնորդներ հաճախ չեն հանդիպում, իսկ սահմանադրական փոփոխությունները մեկընդմիշտ վերջ կտան Թուրքիայում թույլ առաջնորդների և թույլ իշխանությունների ժամանակաշրջանին:
ԱԶԿ պատգամավորը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կանխարգելման գործում կարևորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազդեցիկությունը, ով իր մեկ խոսքով 80 մլն մարդ կարողացավ հրապարակ դուրս բերել:
«Հակառակ դեպքում ի՞նչ էր լինելու: Սցենարը պատրաստ էր: Ստամբուլը վերածվելու էր քաղաք-պետության: Արևելքում և հարավ-արևելքում մեկը հայկական պետություն էր հիմնելու, մի ուրիշը՝ մարքսիստ-լենինիստ քրդական պետություն: Էգեյան տարածաշրջանը կզավթվեր, իսկ Թուրքիան կսահմանափակվեր ներքին Անատոլիայի տարածքներում: Այդ քարտեզը հրապարակվել է: Եվ հրապարակողն էլ (ԱՄՆ) Կենտրոնական հետախուզական վարչության մարտավարական կառույցն էր», -ասել է թուրք պատգամավորը:
Մեհմեթ Էրդողանը կարծիք է հայտնել, որ արտաքին ուժերը փորձում են Թուրքիան վերածել Իրաքի կամ Սիրիայի: Եվ միայն շատ հզոր առաջնորդը կարող է Թուրքիան փրկել նման վախճանից: