ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին ընդունեց ԱԺ նախագահը
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Բունդեսթագի փոխնախագահը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը մեծապես շահագրգիռ է խորացնել եւ ամրապնդել Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նա կարեւոր համարեց ուղիղ շփումների ակտիվացումը, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ձեւավորվեն:
Երկեւստեք կարեւորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը եւ դրա շարունակականությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: