Ես հանդիպեցի բազմաթիվ հրաշալի հայ կանանց․ ԱՄՆ դեսպան /ֆոտո/
Կարևորելով այն դերը, որ կանայք կարող են և պետք է խաղան Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 30-ին այցելեց Գեղարքունիքի մարզ և հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի շահառուներ ու գործընկերներ հանդիսացող կին ֆերմերների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում գյուղական ձեռներեցության զարգացմանը մի շարք ծրագրերիմիջոցով, որոնք կարևորում են կին ձեռներեցների ներուժը գյուղական տնտեսությունների աճը խթանելու հարցում: Հայրավանքում դեսպան Միլսը հանդիպել է կին ֆերմերների հետ, ովքեր օգտվում են համայնքի Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնի ծառայություններից։ ‘
Կենտրոնը հիմնվել է 2015 թվականին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում: Կենտրոնը սպասարկում է մարզի 10 համայնքների շուրջ 2000 գյուղացիների՝ խթանելով ագրոբիզնեսի առաջավոր մեթոդների տարածումը և տրամադրելով մի շարք ծառայություններ ու պարագաներ, այդ թվում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելում և բուժում, ֆինանսական նոր ռեսուրսների ներգրավման և իրացման շուկաների մասին խորհրդատվություն ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են անասնաբուծությամբ և թռչնաբուծությամբ, ինչպես նաև մսամթերքի, ցորենի, կաթի, ձվի, և պանրի արտադրությամբ զբաղվող կին ֆերմերների ձեռքբերումները ու նրանց առաջ ծառացածմարտահրավերները։
Գավառում դեսպան Միլսը այցելել է «Գեղարեգ» ՀԿ-ն ու զրուցել համայնքի կին ակտիվիստների հետ։ «Գեղարեգ»-ը ԱՄՆ ՄԶԳ-ի «Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի տեղական գործընկերն է։ «ՀաՄաՏեղ»-ն աջակցում է տեղի հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին, որոնք միտված են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերում ու ընթացիկ տարածքային և վարչական բարեփոխումներում քաղաքացիների ներգրավմանը: Ծրագրի շրջանակում «Գեղարեգ» ՀԿ-ն աշխատում է չորս հարակից համայնքներում՝ բարձրացնելու քաղաքացիական ակտիվությունը և բարելավելու երկխոսությունը տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների բնակիչների միջև։
Գավառում դեսպան Միլսը հանդիպել է նաև Խաղաղության կորպուսի կամավորների հետ։ Նրանք պատմել են իրենց հայաստանյան փորձի մասին և ներկայացրել ԱՄՆ ՄԶԳ-ի «Փոքր ծրագրերի աջակցության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ ԱՄՆ ՄԶԳ-ի այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Խաղաղության կորպուսի կամավորներին համագործակցել Հայաստանի համայնքների հետ և իրականացնել զարգացման փոքր ծրագրեր, ինչպիսիք են լեզվի դասընթացները, խմելու ջրի, առողջապահական, գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացման ծրագրերը։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կատարած այցի ընթացքում դեսպան Միլսը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ շահառուների հետ և զրուցել քաղաքացիական ակտիվիզմի և սոցիալական ձեռներեցության ասպարեզում կանանց դերի շուրջ: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ը տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունների և ծառայությունների բարելավմանն ուղղված՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի գործընկերներից է։Այս ՀԿ-ի ներքո գործում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստեղծված ութ մարզային մուլտիմեդիա կենտրոններիցմեկը՝ Մարտունու ինֆոտունը, որը մեդիագրագիտության և նոր մեդիա գործիքների օգտագործումը խթանելու միջոցով մեծացնում է քաղաքացիների ներգրավվածությունը համայնքային խնդիրներում։
Մարտունիում դեսպանը նաև շրջայց է կատարել «Իղձ» սոցիալական ձեռնարկությունում, որը հիմնվել է 2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ձեռնարկությունը, որտեղ աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 մարդ, մասնագիտացված է կենցաղային ապրանքների, հագուստի և դպրոցների, բուժհիմնարկների և մասնավոր ընկերությունների համազգեստի արտադրության մեջ:
Դեսպան Միլսն ընդգծել է կին առաջնորդների ու տնտեսության բնագավառում կանանց կարողությունների հզորացման կարևոր դերը Հայաստանի զարգացման գործում։ «Այսօր ես հանդիպեցի բազմաթիվ հրաշալի հայ կանանց՝ ֆերմերներներ, քաղաքացիական ակտիվիստներ ու առաջնորդներ։ Ամեն անգամ, երբ հանդիպում եմ հայ կին ձեռներեցների և համայնքային առաջնորդների հետ, ես տպավորվում եմ նրանց քրտնաջան աշխատանքով, հնարագիտությամբ և ի հեճուկս խոչընդոտների նրանց ունեցած ձեռքբերումներով: Հայաստանի կանայք թերևս երկրի ամենակարևոր ռեսուրսներից են: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները տարբեր բնագավառներում սատարել է այս կանանց, ովքեր աշխատում են ավելի պայծառ ապագա կերտելՀայաստանի բոլոր քաղաքացիների համար»,- նշել է դեսպանը: