Բացառիկ իրավիճակ ընտրությունից հետո. ինչ կանի Սերժ Սարգսյանը. Ժամանակ
Խորհրդարանի 2017 թվականի ընտրության գործընթացի առանձնահատկությունների մասին հայտարարությունները հանդիսացան նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենահաճախակի հնչողներից, սակայն դրանք «շրջանցեցինե երևի թե ամենաառանձնահատուկ հանգամանքը: Խոսքն այն մասին է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման մոդելին, խորհրդարանի ընտրությունն այլևս լինելու է միակ համապետական ընտրությունը, սակայն նոր խորհրդարանի ձևավորումից հետո դեռևս մեկ տարի իշխանությունը լինելու է կիսանախագահական կամ Հայաստանի իրողություններից ելնելով՝ պարզապես նախագահական:
Ընդ որում, առանցքայինն այս հանգամանքում այն է, որ գործող նախագահը զերծ է երկու կարևոր կաշկանդող կամ թելադրող գործոնից՝ նա չունի վերընտրվելու անհրաժեշտություն և դրա համար տարբեր պայմանավորվածությունների և պարտավորությունների մի ամբողջ կծիկից է զերծ, և մյուսը՝ նա չունի նախագահի պաշտոնին թե ժառանգորդ դնելու, կամ պարզապես նախագահի պաշտոնն իշխանության ձեռքում պահելու անհրաժեշտություն, անցանկալի անձի չհանձնելու անհրաժեշտություն:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նախագահության վերջին մեկ տարին ավարտելու է երկու էական կաշկանդող հանգամանքից զերծ: Դա, իհարկե, նրա ձեռքերը լիովին չի ազատում, քանի որ կա վարչապետի խնդիրը 2018-ի համար, սակայն թեթևացնում է ընդհանուր հոգեբանական-քաղաքական մթնոլորտային ճնշումն իր վրա, հատկապես երբ հետևում է մնացած լինում արդեն խորհրդարանի ընտրությունը:
Ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանի նախագահության վերջին մեկ տարին ստանում է բոլորովին այլ երանգ, և հարց է առաջանում, թե երկու կարևոր կաշկանդող հանգամանքներից զերծ պայմաններում Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կգործադրի իր նախագահական լիազորությունը, ի՞նչ կանի նա համեմատաբար ավելի ազատ իշխանության վերջին մեկ տարում: Դա է լինելու ներկայիս իրավիճակի թերևս ամենից էական առանձնահատկությունը, գուցե նույնիսկ որոշիչը: Առավել ևս, որ հենց այդ երկու հանգամանքից ձերբազատվելու համար է Սերժ Սարգսյանը գնացել սահմանադրական փոփոխության և վերացրել նախագահական ընտրության ինստիտուտը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում :