28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մատյան ողբերգության

Ա
Եվ ես, որ ահա մարդ եմ երկրածին, անկայուն գոյիս կենցաղով տարված, և պատրող գինուց թմրել եմ ահա՝ հիմարությո՛ւնս արտահայտելով, որ ամե՛ն բանի մեջ եմ ստախոս ու ճշմարիտ չե՛մ և ո՛չ մի բանում, քանի որ վերում իմ գրածների ո՞ր մեկի համար, դրանցից որի՞ աղարտ նշանով պիտի հանդգնեմ կանգնել առջևըդ Քո Դատաստանին, ո՛վ Իրավադատ, Ահավո՛ր, Անճա՛ռ, Անպատո՛ւմ, Հզո՛ր, Աստվա՛ծ բոլորի, քանի որ այստեղ ապերախտության մեղքերն են անձիս, որոնք գործեցի՝ երախտիքնե՛րը Քո ուրանալով: Այս մատյանով ես Իրավունքներդ ի ցույց դրեցի, որոնք ավելի՛ են զորավորվում իմ խոնարհվելով, և հավիտյան Քեզ պարտավորվածիս անիրավությունը ամոթալի՝ խոստովանեցի՛:

Բ
Որ արարեցիր ինձ Քո պանծալի պատկերի հանգույն, Վեհիդ ձեռքով ինձ օժանդակելով Քո նմանության տպավորությամբ. զարդարեցիր ինձ խոսքիդ պարգևով, պայծառացնելով փչմամբ Քո Հոգու, ճոխացրի՛ր ինձ մտածողությամբ և աճեցրիր կենսասիրության Քո՛ իմաստությամբ, հաստատեցի՛ր ինձ՝ հանճարով իշխան շնչավորների կարգին դնելով, Հոգով իմանալն ինձ հետ խառնեցիր և պճնեցի՛ր ինձ լինելու տիրո՛ղ, ծնեցի՛ր ինչպես հայրն իր զավակին և սնուցեցիր դայակի՛ նման, և ամբարիշտիս ապա տնկեցիր Քո գավիթի մեջ, ոռոգելով ինձ կենացդ ջրով, ցողո՛վ մաքրեցիր սուրբ Ավազանիդ, արմատացնելով վտակով կյանքի և ջամբեցիր ինձ երկնային հաց, ինձ արբեցնելով Քո Աստվածային սրբազան արյամբ: Ընտանի արիր նրանց մեջ, ովքեր՝ անհպելի՛ են, անհասանելի՛, համարձակությո՛ւն ընձեռեցիր, որ՝ աչքերս երկրեղեն նայեն դեպի Քե՛զ, վերածածկեցի՛ր փառքիդ լույսերով, որ իմ անմաքուր ձեռքերով, հողից սարքած մատներով՝ Քեզ մատուցանեմ ծառայություններ: Անարգ մոխիրիս և մահացուիս, իբրև մի լույսի նշույլ՝ հարգեցի՛ր: Եվ Քո Հորն Հզո՜ր, Ահավո՜ր, Օրհնյա՜լ, անարժան անձիս մարդասիրորեն Հա՛յր Կնիքեցիր:

Գ
Եվ չկիզեցի՛ր նանրությամբ լցված իմ բերանը, երբ՝ ինձ ժառանգակից ընդունեցի Քեզ, հանդգնությունս չկշտամբեցի՛ր, երբ ինձ Մեծիդ հետ տեսա կցորդված, չստվերացրի՛ր աչքերս, երբ որ ակնկալեցի աչքերիդ նայել, չշղթայեցի՛ր մահապարտության դատված խմբի հետ՝ անձս մատնելով տարագրության, ո՛չ խորտակեցիր դաստակը բազկիս, որ անմաքրապես ելնում էր դեպ Քեզ, ո՛չ էլ մատներս ջարդուխուրդ արիր՝ Քո Կենաց Բանը երբ շոշափեցի: Ո՛չ մառախուղներ պատեցին իմ շուրջ, երբ ահավորիդ խոսք էի ձոնում, ո՛չ փշրտեցիր ատամնաշարս՝ Քեզ ըմբոշխնելիս, և ո՛չ բարկությամբ հակառակեցիր՝ հակառակությամբ Քեզ հետևողիս, բան, որ շարունակ կատարում էիր շեղընթաց քայլող Իսրայելի հետ: Խայտառակ չարի՛ր հարսնարանիդ մեջ՝ Քեզ անարժան իմ պարերգությունը նայել տեսնելով, ո՛չ իմ հանդերձի անպիտան տեսքով անօրինվածիս հանդիմանեցիր, ո՛չ էլ իմ ոտք ու ձեռքը կապելով՝ դուրս նետեցիր ինձ խավա՛րն արտաքին:

Դ
Բարերա՜ր, Օրհնյա՜լ ամենքի հանդեպ՝ և Համբերատա՜ր, միշտ Հեռո՜ւն Դիտող, Քո բարությունից ինձ պարգև տրված մասունքները այս, նաև ներելու հեռուն դիտումը, որ՝ առա՛ Քեզնից, ո՛ղջը փոխեցի իմ վնասակար, անթի՜վ պարտքերով և բազմօրինակ անօրինությամբ՝ թե՛ մարմնական և թե՛ հոգևոր, թե՛ վնասակար իմ խորհուրդների ալեկոծությամբ, թե՛ երկրաքարշ հուզումների հետ: Ա՛յս ամենով Քեզ, Աստվա՛ծ իմ և Տէ՛ր, Բարիքիդ այդքա՜ն պարգևի փոխան՝ իմ չարիքներո՛վ փոխհատուցեցի: Ըստ Մովսեսական հանդիմանության առակի հանգույն՝ իմաստությունս մոռացման տված՝ հիմարությա՛նը դարձա սիրահար: Ես, որ Աստվա՛ծ իմ, պիտի լինեի երախտիքների բարի մի կաճառ՝ ընդունայնությա՛ն ճամփով գնացի, և ինչ տվեցիր՝ ո՛ղջը վատնեցի չարաչար վարքով: Աներկբայելի լուսավորության շնորհները Քո, որ Բարձրյալիդ խնամքով վրաս էր ավելանում՝ խելագարությա՛ն ահեղ փոթորկով՝ ո՛ղջ ցնդեցրի:

Ե
Եվ թեպետ բազում բազո՜ւմ անգամներ, Ձեռքդ երկարեցիր, որ ինձ կենդանի՛ Քո այցելությամբ ձգես դեպի Քեզ, ո՛ւշք չդրեցի Իսրայելի պես, և այդ մասին է մարգարեն պատմում՝ դատելով վարքն այդ խստասրտության: Թեպետ խոստացա հաշտվել Քեզ հետ, Քեզ հաճո կյանքով այլևս ապրելու, բայց կապած ուխտիս չեղա՛ հետևորդ, այլ դառնալով ետ՝ հի՛ն չարիքներս սկսեցի նյութել:

Տվածդ առաջին Բարիքը այդպես բարձիթող արած, ես դաշտավայրը սրտիս հերկեցի՝ մեղքերի փշե՛ր այնտեղ ցանելով, որպեսզի որո՛մ արդյունահանեմ: Ի՛նձ են հարմարվում առածները սուրբ մարգարեների, քանի որ ինձնից արդա՛ր խաղողի բերք սպասեցիր, բայց ես իմ այգում շառավիղեցի անպիտա՛ն փշեր: Այգիս Քո կյանքից օտարանալով, անախո՛րժ հոտով՝ դառնությա՛ն պտուղ տվեց Քո առաջ: Ինձ ուժգին ցնցե՛ց և հողմն անհաստատ, որով անընդհատ տարուբերվո՛ւմ եմ այս ու այն կողմի: Հոբ Երանելու խոսքի համաձայն՝ մի ճանապարհով ելա գնացի, որտեղից արդեն էլ ետդա՛րձ չկա: Իմ հիմարությամբ՝ ավազի՛ վրա տուն կառուցեցի: Եվ լա՛յն հետքերով խաբվեցի գնալ՝ փրկության Վեմիդ նեղ արահետով հասնելու տեղակ:

Փակեցի՛ իմ դեմ ելքերը կյանքի, և հե՛նց, ի՛մ կամքով՝ կորստյան տանող խորխորատների՛ դռներով մտա: Իմ ականջների պատուհանները խցկեցի՛ ամուր, որ Կյանքի՛ խոսքդ ընդունելություն չգտնե՛ր իմ մեջ: Հոգուս դեպի Քեզ հայեցվածության աչքը գոցեցի՛, որպեսզի Կյանքի դեղն իմ չտեսնեմ: Պատգամի ձայնից ահավոր փողի չցնցվեցի՛, քանի որ թմրած իմ միտքն ինձ լքե՛ց: Ո՛չ զգաստացա հրափորձարան օրվա մեծ Դատի բողոքող գույժից, և ո՛չ արթնացա նիրհի կապանքից մահաբեր քնի, որ տպավորիչ կորստի գնալն էր նախաձայնում: Ո՛չ հանգիստ տվի Հոգուդ՝ մարմնեղեն իմ տաղավարում, և ո՛չ բնական շնչիս խառնեցի Քո պարգևներից շնորհի մի մաս: Եվ իմ կորուստն իմ ձեռքո՛վ բերեցի, ըստ առակողի խոսքի համաձայն՝ կենդանի հոգիս՝ մահվա՛ն մատնելով:

Զ
Եվ ի՞նչ օգուտ ինձ այս կսկծալի բանաստեղծության չափաբերական սահմանների մեջ նվազագույնն ու սակավը հոդել, երբ որ մեղքերիս քանակն անցել է չա՛փ ու սահմանից և բժշկո՛ւմս է դարձել անհնար: Արդ՝ Քե՛զ է մնում հոգով մեռելիս նո՛ր կյանք պարգևել և անոխակալ մատներովդ հպվե՛լ դատապարտյալիս, Կենդանի՛ Աստծո Միածին Որդի, Քեզ է վայել Փա՛ռքն հավիտյա՜նս հավետ: Ամէ՛ն:

Ապաշխարության աղոթք. Մաքսիմ Ոսկանյանի փոխադրությամբ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ
ԲԱՆ Ե

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ