Չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում. Ա. Վարդանյան
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը 2017թ մարտի 30-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիվն է, գրված է՝ Ազատություն: Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել:
Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու յուրաքանչյուր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրություն կատարելու իրավունքը:
Այդ իրավունքի վրա բռնացողները, սակարկության առարկա դարձնողները մեր տեսակի, հայ ինքնության հետ կապ չունեն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է, ինքնուրույնությունը, հավատարմությունը նպատակներին ու սկզբունքներին: Եվ՝ աշխատանքը. հետևողական՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ վստահ-լավատեսությամբ աշխատանքը:
Չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում: Մենք այստեղ ենք՝ իբրև հայ զինվորին, աշխատանքով բարիք ստեղծող հայ մարդուն, հայ մշակույթը մարմնավորող կուսակցություն: Իբրև Դաշնակցություն:
Հիմա ընտրություն է: Մեզ համար՝ նոր սկզբի, արդար Հայաստանի ընտրություն: Արդարությունը հիմքերի հիմքն է՝ հայ տեսակի բնույթը, էությունը: Միայն արդարությամբ խաղաղ, անվտանգ, զարգացող, ուժեղ, բարեկեցիկ, ազատ Հայաստան կունենանք:
Այդպիսի Հայաստան մենք ստեղծելու ենք:
Ստեղծելու ենք՝ հավատալով հայ մարդուն, հավատալով Հայաստանին, գործելով պատասխանատվությամբ: Մե՛ր կամքով, մե՛ր վճռականությամբ, ծառայությամբ:
Ազգային-պետական մտածողություն ունեցող, մեր այս վիճակով մտահոգ, գիտակից, ինքն իրեն հարգող, երիտասարդ, հոգում հայրենիք ունեցող մեր քաղաքացիներին ապավինած: Նրանց կողքին կանգնելով:
Սուտ է, թե նրանք քիչ են: Փողատերերի, իշխանությամբ նվաստացնողների, ամբոխավարությամբ խաբել փորձողների պատկերացումով են նրանք քիչ: Մեզ համար՝ Դաշնակցության համար մեր ժողովրդի բացարձակ գերակշիռ մասը հենց այդպիսին է:
Եվ մեր խնդիրն է այդ հարյուր հազարներին իրենց արժանի իշխանությունը տալ՝ նոր որակի, ծառայության պատրաստ, երկիրը, հայ մարդուն սիրող իշխանություն: Մտածողության, հոգեբանության փոփոխություն է պետք, որ արդեն սկսել ենք:
Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխություն անենք, մենք արդեն անում ենք այդ փոփոխությունը: Կա դրված նպատակ, գծված են ուղղությունները, առաջին արդյունքները նկատելի են:
Ով կհավատա, կմասնակցի, մի քար կդնի, նա կմոտեցնի իր, իր ընտանիքի, իր երկրի բարեկեցությունը, իրականություն կդարձնի համերաշխ հասարակություն ունենալու բոլորիս երազանքը:
Ով կմասնակցի, նա մեր եղբայրն է, ազատ հայ մարդն է, ով իր տեղն ունի հարյուր հազարների այդ հպարտ շարքում:
Սուտ է, թե հայ մարդը վախկոտ է, ծախվող է, մորթապաշտ: Անարդարորեն հարստացածների, իշխանությամբ իրենց ուժեղ կարծողների պատկերացումն է այդ: Կունենա՞նք նոր որակի իշխանություն, ազատ, արարող, ազնիվ հասարակություն կունենանք: Հիմա ա՛յդ ընտրությունն է:
Սուտ է, թե ընտրողը թացը չորից, կեղծը՝ իրականից, սուտը՝ ճշմարտությունից, փողը խելքից չի կարող տարբերել, չի կարող համեմատել մրցապայքարի ինը ուժերին և ճիշտ ընտրություն կատարել:
Մեզ համար կարևորը ազատ կամքով կատարված ընտրությունն է: Այդպիսի ընտրությամբ է մե՛ր երկրում, մե՛ր մեջ որակ փոխվելու:
Մենք Դաշնակցությունն ենք: Մեր օրակարգը հայկականության օրակարգն է: Այսօր այն դարձրել ենք, դարձնում ենք անկախ պետականության օրակարգ:
Ով մեզ հետ է, ով հավատում է ինքն իրեն, ով իր երեխաների ապագան տեսնում է հայրենիքում, նա ապրելու է ուժեղ, ինքնուրույն, արդար Հայաստանում:
Միասին մենք այդ անելու ենք: Դաշնակցության գաղափարները միևնույն է կյանք են դառնալու: Դաշնակցության գաղափարները հաղթելու են:
Դաշնակցությունը ազգային մշակույթի, արժանապատիվ մարդու, արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ աշխատանքի կուսակցություն է: Իրական կուսակցություն է:
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Այսօր Դաշնակցությունը՝ մեր ժողովրդի հարազատ զավակը, Ձեր կուսակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր հայրենիքի Ազատության հրապարակում: Հանուն արդար Հայաստանի: Սա մե՛ր երկիրն է: Մենք հաղթելու ենք»: