Բայց դուրս գալ փողոց միայն նրա համար, որ դուրս ես եկել փողոց, սխալ է. «Ելք»
«Մենք ունենք մեր կայուն ընտրազանգվածը, հիմնականում մտավորական մասսան է Դաշնակցության կողմից: Այս անգամ բավական ավել է մեր ընտրազանգվածը: Կարծում եմ, որ սա պայմանավորված է նրանով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական առաջարկողը և դրանով էր նաև պայմանավորված, որ մենք իշխանության հետ համագործակցության պայմանագիր կնքեցինք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Ռուզաննա Առաքելյանը: Ըստ նրա` ժողովրդի մի ստվար զանգվածի արդեն չի հետաքրքրում ընտրակաշառքը, դրանով չեն կատարելու իրենց ընտրությունը:
«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Բաբայանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են, որ ընտրությունները դառնան քաղաքական, սակայն ռեյտինգային ընտրակարգը դա թույլ չի տալիս անել: Նա չհամաձայնեց, որ բոլոր երկրներում էլ լինում են ընտրակաշառքի դեպքեր:
Ինչ վերաբերում է հետընտրական պրոցեսներին, ապա Ն. Բաբայանն ասաց, որ եթե կեղծիքներ լինեն, լինեն փաստեր, ու դրանք հիմք լինելու ասելու, որ իրենք հաղթել են ընտրություններում, սակայն արդյունքներն այլ են, իհարկե կլինեն պրոցեսներ: «Բայց դուրս գալ փողոց միայն նրա համար, որ դուրս ես եկել փողոց, նրա համար, որ մարդկանց տանես Երևանի փողոցներով էքսկուրսիաների, ասել, որ լավ հիմա չէ, աշնանաը կանենք իշխանափոխություն, սխալ է»,-ասաց նա:
Ն. Բաբայանը շեշտեց, որ իրենք ՀՀԿ-ի ու այն ուժերի հետ, որոնք տեսնում են իրենց ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ի կողքին, կոալիցիա երբեք չեն կազմի, քանի որ կարծում են, որ կիսել ՀՀԿ-ի հետ բոոր հանցագործությունները` սկսած կաշառք բաժանելուց, վերջացրած դպրոցների ցուցակագրումները, սխալ է:
Ռ. Առաքելյանն էլ հիշեցրեց, որ իրենց համար իշխանություն կամ ընդդիմություն լինելն ինքնանպատակ չի եղել, իրենց ծրագրերը, որ ազգային շահն են հետապնդում, հիմա իրագործվում են: «Ես չգիտեմ մի ընդդիմադիր ուժ, որ այնքան գործ անի, ինչքան «Դաշնակցությունն» է արել, երբ իշխանություն է եղել»,-նկատեց նա: