«Մի հատ մաքրենք էդ ամեն ինչը, պրծնենք գնա»
Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Աշոտ Մարկոսյանը այսօր՝ մարտի 30-ին Կառավարության նիստում ներկայացրեց գույք ամրացնելու մասին որոշման նախագիծը:
Համաձայն որի. Արմավիրի մարզ, Երասխահուն համայնք, Մեծ Ակադեմիյան թաղամաս հասցեում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը՝ նվիրաբերության կարգով կտրամադրի այնտեղ բնակվող ընտանիքներին: Հարցի առնչությամբ առարկություն ներկայացրեց Տարածքային կառավարման նախարարը:
Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ ստուգել են և պարզել, որ բնակարանները հանձնվում են 18 տարին չլրացած քաղաքացիների:
«Ո՞նց թե 18 տարին չլրացած»,- զարմացավ վարչապետը:
Մարկոսյանը պարզաբանեց, որ բնակարանները հանձնվում են ոչ թե 18 տարեկան քաղացիներին, այլ այդ բնակարաններում ապրում են նաև անչափահաս երեխաներ:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ՊՆ-ի ծառայողական ֆոնդի հաշվեկշռում 1200 բնակարան կա, և կան դեպքեր, երբ նա, ում հատկացվել է բնակարանն, արդեն մահացել է:
«1200 ընտանիք օդից կախված են»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:
Վարչապետը հայտարարեց, որ պետք է տարածքները լեգալիզացնել և նոր էջ բացել. «Էդ գույքը ո՛չ մերն ա, ո՛չ իրենցն ա, մի հատ մաքրեն էդ դաշտը, մի հատ մաքրենք էդ ամեն ինչը, պրծնենք գնա»,- եզրափակեց Կարապետյանը: