Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/471_1378217441.jpg)
Սեպտեմբերի 2-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար դոկտոր Նայֆ Ֆալլահ Ալ-Հաջրաֆի հետ: Դեսպանը շնորհավորեց պարոն Ալ-Հաջրաֆին նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների հարաբերություններում արձանագրված առաջընթացն ու քննարկվեցին փոխգործակցության հետագա խթանման հեռանկարները: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջբուհական համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույն ջանքեր գործադրել այն որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Շարիդա Աբդալլահ Ալ-Մաուշարջի հետ: Քննարկվեցին արդարադատության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ծավալման և ընդլայնման հեռանկարները:
Սեպտեմբերի 3-ին Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Մարզուկ Ալի Ալ-Ղանեմի հետ: Դեսպանը շնորհավորեց Մարզուկ Ալ-Ղանեմին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը:
Հանդիման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Քուվեյթի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան Քուվեյթի Ազգային ժողովի նախկին նախագահ Ալի Ռաշեդի՝ Հայաստան այցելության արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Երկուստեք ընդգծվեց միջխորհրդարանական բարեկամություն խմբերի միջև շփումների ակտիվացման և շարունակականության ապահովման, պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների օրենսդիր կառույցների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը:
Հանդիպման քննարկվեցին նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: