Կեղծ ահազանգ. ոստիկանությունից մանրամասնում են
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։
Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես են արձագանքել ահազանգին:
«Ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Ծանոթացել ենք հրապարակված լուրին և շեշտում ենք, որ այն իրականությանը չի համապատասխանում: Ստեղծված խնդիրը դաշինքի և սպասարկող ընկերության դաշտում է»,-նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ժամը 18։00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։