՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն Արաբկիր վարչական շրջանն էր
_1377945389.jpg)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մեկնարկած ՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ խորագրով ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի հանգստի մի շարք կանաչապատ գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու նպատակով, իրականացվեցին սանմաքրման աշխատանքներ, որին մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր:
՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն, որտեղ կազմակերպվեցին մաքրման աշխատանքներ, Արաբկիր վարչական շրջանի ՛՛Արաբկիր՛՛ և Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգիներն էին: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին միացել էր շուրջ 200 կամավոր:
Ինչպես Արաբկիրում, այնպես էլ նախորդ վայրերում մաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել քաղաքապետարանի ենթակայության կառույցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական և երիտասարդական կազմակերպությունները, վետերանները, պետական մի շարք կառույցներ, դիվանագետներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ:
Իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛ ՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրի հիմնական նպատակն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ զբոսայգիները, պուրակներն ու անտառպուրակային գոտիները մաքուր և բարեկարգ վիճակում պահել է: Մեր հորդորն ու խնդրանքն է բնակիչներին, որ ինչպես կամովին մասնակցում են այս ծրագրին և դառնում մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու քաղաքապետի կոչին գործընկեր, նույն հոգատարությամբ էլ մաքուր պահեն այս տարածքները՛՛,-նշել է Կամո Արեյանն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր մայրաքաղաքի նկատմամբ իրենց սրտացավ վերաբերմունքը գործով են արտահայտում:
Ծրագրի ամբողջ ընթացքում քաղաքապետարանը հոգացել է մասնակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովումը: Որոշ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, աշխատանքներին ներգրավվել են աղբատար, ջրցան և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:
Հիշեցնենք, որ ՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրի առաջին փուլում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, ՛՛Հաղթանակ զբոսայգու՛՛, ՛՛Կարմիր բլուր՛՛ հնավայրի, ՛՛Էրեբունի՛՛ պատմահնագիտական արգելոց-թանգարանի, ՛՛Փարոս՛՛ անտառպուրակի, Ծիծեռնակաբերդի, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու, ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնի հարակից և Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիների տարածքները: