Անակնկալներ կլինեն. Ժամանակ
Որքան էլ դժվար է հավատալ, թե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը կարող է անցնել առանց իշխանության ամենավերին օղակներում նախապես գրված սցենարի, այդուհանդերձ առաջիկա ընտրության առումով շատ մեծ է հավանականությունը, և թերևս Հայաստանի անկախության պատմության ընթացքում այդ տեսանկյունից հավանականությունն ամենամեծն է, որ առաջիկա ընտրությանը կարող են այնուհանդերձ շատ լինել անակնկալները:
Այստեղ ամենևին չկան ազատ և արդար ընտրության հետ կապված պատրանքներ: Այդ ընտրությունները ազատ և արդար են լինելու անկասկած այնքանով, որքանով այդ ազատությունն ու արդարությունը չի խանգարի իշխանությանը, իշխող համակարգին վերարտադրվել: Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում առաջին անգամ իշխանությունը խորհրդարանական ընտրության է մոտենում բավական երկփեղկված վիճակով, ու դրան զուգահեռ ավելանում են նաև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու արտաքին աննախադեպ ուշադրությունն Արևմուտքից:
Այդ հանգամանքները առաջ են բերում հավանականություն, որ այդուհանդերձ իշխանությունն ամեն ինչ չէ, որ կարողանալու է, ասենք, նախագահի նստավայրում մանրամասն հաշվարկել, ծրագրել և իրականացնել, ու շատ բան կախված է լինելու նաև նրանից, թե ընտրությանը մասնակից կամ էլ թեկուզ կողքից զուգահեռ պրոցեսներ տանող թիմերն ու խմբերը ինչպիսի արդյունավետությամբ են աշխատելու իրենց դաշտերում:
Այսինքն՝ անակնկալների հավանականությունն, իհարկե, մեծ է ինչպես երբևէ, այսինքն՝ մեծ է սցենարների շեղման, խախտման հավանականությունը, երբ իշխանությունը կարող է վերջին պահին ստիպված լինել փոխզիջման գնալ այս կամ այն ուժի հետ, կամ ստիպված լինել անակնկալ պայմանավորվածությունների գնալ ընդդիմության հետ, վերանայել իր համար առանցքային տարբերակները և դիմել, այսպես ասած, ծայրահեղ պահեստային տարբերակներին, բայց այնուհանդերձ դա չի նշանակում, որ այդ ամենն անպայմանորեն լինելու է: Ի վերջո այդ ամենին իշխանությանը պետք է մղել:
Եվ նայած, թե ով կլինի իշխանությանը այդ փոխզիջումներին, հիմնական սցենարների վերանայմանը մղողը, ըստ այդմ էլ պարզ կլինի անակնկալների որակը: Բայց գլխավորը գիտակցումն է, որ ոչինչ էլ վերջնականապես որոշված չէ և ոչինչ էլ հենց սկզբից կանխորոշված չէ: Որովհետև, ի վերջո, եթե երկրում ինչ-որ բաներ կանխորոշված են, ապա կանխորոշված են ամենուր և միշտ, ու ընտրություններն այստեղ կապ չունեն: Իսկ եթե ինչ-որ բան կանխորոշված չէ կամ կարող է այդպիսին չլինել, ուրեմն այդպիսին կարող են չլինել նաև ընտրությունները: Ամեն ինչ կախված է մասնակիցների և յուրօրինակ արբիտրի դեր ստանձնող հասարակության կամքից:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: