402 սպաներ համալրեցին ՀՀ զինված ուժերի շարքերը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/8_1374940074.jpg)
Այսօր Երեւանի “Հաղթանակ” զբոսայգում կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման եւ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ:
Խորհրդանշական է, որ 402 նորաթուխ սպաները պաշտպանության նախարարից եւ բարձրաստիճան սպաներից իրենց ավարտական վկայականները եւ լեյտենանտ կոչումները ստացան “Հաղթանակ” զբոսայգու անմար կրակի մոտ, ինչը պարտավորեցնում է զինված ուժերի շարքերը համալրող սպաներին ծառայության ընթացքում բարձր պահել հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը:
Երիտասարդ սպաներին իր վերջին խորհուրդները տվեց Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը նշելով, որ “Այն որ դուք բոլոր մանագիտություններից ընտրել եք հայրենիքի պաշտպանի պատվաբեր ու չափազանց դժվարին մասնագիտությունը, վկայում է, որ մեր հայրենիքը Ձեր անհրաժեշտությունն ունի”:
Այնուհետեւ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտների, ինչպես նաեւ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազամբժշկական ֆակուլտետի շրջանավարտները ստացան սպայական վկայականներ: Շրջանավարտների հետագա զինվորական ծառայությունը օրհնեց ազգային բանակի հոգեւոր սպասավոր Տեր Ենոք քահանա Եսայանը:
Հայկական բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. “Երրորդ հազարամյակում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար hայրենիքին անմնացորդ նվիրումից զատ, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նաեւ բանիմաց սպայակազմ”:
Պաշտպանության նախարարը ընդգծեց նաեւ, որ այսօր ժողովրդի համար մեծ տոն է՝ “մեր պապերի եւ հայրերի հիշատակը հավերժացնող խորհրդանշական վայրում՝ Հաղթանակի զբոսայգում, հայ սպաներն ավարտական արարողության են մասնակցում: Ասել է թե` նրանք նաեւ պարտավորվում են մեր մեծերի, մեր պապերի ու ծնողների առջեւ, որ շարունակելու են նրանց գործը: Նրանք հաստատակամ քայլերով պետք է լրացնեն այն մեծ զորավարների կազմը, որ մենք ունեցել ենք ոչ միայն հայկական բանակում, այլ նաեւ Խորհրդային եւ մի շարք արտասահմանյան բանակներում”,- ասաց նախարարը եւ հավելեց, որ օրը խորհրդանշական է նաեւ իր համար, քանի որ “30 տարի առաջ ես եւս լեյտենանտի կոչում եմ ստացել եւ ապրել նույն հուզմունքը”:
Սեյրան Օհանյանը նորաթուխ սպաներին մաղթեց նաեւ ռազմաուսումնական հաստատություններում ստացած գիտելիքների գործնական կիրառում: Նա նաեւ շեշտեց, որ սպաները իրենց նվիրումով եւ ծառայությամբ պետք է վերացնեն բանակում դեռեւս առկա որոշ թերությունները: Եվ ամենակարեւորն այն է, որ` “որքան երիտասարդ հասակում իրենք հաղթահարեն ծառայության դժվարությունները, այնքան ավելի արագ առաջ կգնան իրենց ծառայողական աստիճաններով”,- շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ յուրաքանչյուր լեյտենանտ պետք է ձգտի գեներալ դառնալ:
Լրագրողների հետ առանձնազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց, որ տեսնելով մեր երիտասարդ սպաներին` ինքը հուզմունքի պահեր է ապրում ու նաեւ հպարտություն, որ “Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր մի այնպիսի աստիճանի են հասել, որ արդեն իսկ մեր սեփական ռազմաուսումնական հաստատությունները բավական բարձրակարգ, բարձր գիտելիքներով, պատրաստվածությամբ, համապատասխան հմտություններով եւ ունակություններով օժտված երիտասարդ, նվիրված սպաներ են պատրաստում, որոնք պետք են ոչ միայն բանակին, այլ նաեւ մեր հասարակությանը”: