«ՀՅԴ-ն ունի մեծ ներուժ, պրոֆեսիոնալների մեծ բանակ»
Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը, ինչպես հայտնի է , Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիրներից է:
Նա առաջադրվել է ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով՝ թիվ երկու ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն):
«25 տարի ղեկավարել եմ Հայբուսակ համալսարանը, իսկ այժմ Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահն եմ , համալսարանի հիմնադիրների խորհրդի անդամ և ռեկտորի գլխավոր խորհրդական: Վերջին ժամանակաշրջանում առավելապես զբաղվում եմ համալսարանի միջազգայնացման գործով: Գործընթացը ինքնին շատ հետաքրքիր է. ստեղծվում են նոր միջազգային կապեր արտերկրի համալսարանների, գործարար և մշակութային կազմակերպությունների հետ: Միջզգային կապերի շնորհիվ մեր համալսարանում ավելացել է արտերկրի ուսանողների թիվը, ինչը կարևոր է թե համալսարանի, թե մեր պետության համար:
Ազգային ժողովի ընտրություններին որոշեցի մասնակցել, որովհետև կրթության ոլորտում բազմաթիվ չլուծված հարցեր եմ տեսնում, ուզում եմ իմ կուտակած փորձը և գիտելիքները ծառայեցնել կրթական համայնքի շահերին», – Henaran.am-ի հետ զրույցում շեշտեց Անահիտ Հարությունյանը։
Մեր հարցին՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է ընտրի հենց Ձեզ: Ինչո՞վ են Ձեր ծրագրերը տարբերվում մյուսներից, Անահիտ Հարությունյանը պատասխանեց․ «Ես վստահում եմ այն մարդկանց, ովքեր այս 27 տարիների ընթացքում շփվել են մեզ հետ: Բնականաբար, նրանք էլ մեզ են վստահում: Ինձ ընտրողները պետք է ընտրեն մի անձի, ով, իսկապես, ջանք ու եռանդ չի խնայել գործը ստեղծելու, կայացնելու, զարգացնելու առումով: Այս իմաստով վստահ եմ՝ընտրողները շատ կլինենն: Իմ՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելը միայն քաղաքական որոշում չի եղել:
Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են հենց կրթությանը. ի վերջո, որևէ մեկը պիտի անհանգստանա՞դրա համար: Ես որոշեցի լինել այդ անհանգստացողը: Ես՝որպես կրթության ոլորտում պատասխանատվություն կրող անձ, իհարկե, հետևում եմ և տեսնում եմ, թե որքան հակասություններ կան բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի և Սահմանադրության միջև, կամ բարձրագույն կրթության և այլ օրենքների միջև: Մինչ այս որոշումը կայացնելը՝ ինքս ինձ հարց եմ տվել՝ինչ կարող եմ տալ մեր պետությանը, մեր ժողովրդին: Անհամեստ չհնչի, բայց եկել եմ այն եզրահանգմանը, որ չլինելով քաղաքական դաշտում, եղել եմ քաղաքականությունում: Մեր երկիրը շատ քաղաքականացված է և խիստ անձնավորված: Դա հանգեցնում է նրան, որ որևէ ոլորտում պատասխանատվություն կրող անձը կամա թե ակամա մասնակցում և արձագանքում է քաղաքական, սոցիալական գործընթացներին: Ես նույնիսկ կարող եմ վիճակագրական տվյալներ բերել, ներկայացնել, թե որքանով է զարգացում ապրել կրթության ոլորտը այս կամ այն ուժի ղեկավարման ժամանակաշրջանում: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, իհարկե, սերտորեն կապված են մեզ հետ, այսինքն՝մենք մեր մաշկի վրա զգացել ենք այն, ինչը կատարվել է Հայաստանում՝թե՛լավը, թե՛վատը»:
Անահիտ Հարությունյանը շեշտեց՝ ուսումնասիրել է ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը և հանգել է այն եզրակացության, որ ծրագրային բոլոր կետերն էլ իրագործելի են և իրատեսական:
«ՀՅԴ-ն ունի մեծ ներուժ, պրոֆեսիոնալների մեծ բանակ: Մեր մտավորականության զգալի մասը կամ դաշնակցական է կամ այդ կուսակցության համակիրը: Վստահ եմ՝ դաշնակցությունն ունի քաղաքական կամք ու ցանկություն՝ իր ծրագրերն իրականացնելու համար: Մնում է, որ լինի համապատասխան քվոտա: Բնական է՝ եթե ԱԺ-ում դաշնակցության ներկայությունը փոքրաթիվ լինի, նրա համար դժվար կլինի իրականացնել իր նպատակները, իսկ համապատասխան քվոտա ունենալու պարագայում, վստահ եմ՝ դաշնակցությունը կյանքի կկոչի իր ներկայացրած ծրագիրը», – եզրափակեց Անահիտ Հարությունյանը։