Երկու տարբերակ
«Այս ընթացքում Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, անգամ ավելացել են: Հետեւաբար ինչո՞ւ նա այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որ «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ քաշի դեպի իրեն: Ինչո՞ւ դա կարող է ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին: Նշանակում է, նա համոզված է, որ ունի բավարար լծակներ կրկին անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանին արգելել ու քաղաքականությամբ զբաղվել»,-Ֆեյսբուքյան ուղիղ հանդիպման ժամանակ պատասխանելով ընտրողների հարցերից մեկին՝ ասաց «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կանխատեսումն այն է, որ շատ մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կձեւավորի ԱԺ-ում: Սերժ Սարգսյանն ունի երկու տարբերակ, կամ «Ծառուկյան» դաշինքը մտնում է կոալիցիա, կամ եթե չի մտնում, ուրեմն կան լծակներ կրկնելու 2015-ի զարգացումների մի մասը:
Իմ կանխատեսումն այն է, որ Սերժ Սարգսյանը 2008-ի կոալիցիայի ուժերին կամ այդ ուժերի մի մասին, կամ այդ ուժերի ներսում որոշակի շրջանակների պահում է որպես ռեզերվ, ի վերջո, 2017-ի արդյունքում ՀՀԿ-ի մեծամասնությունը կամ կառավարությունն ապահովելու համար: Իհարկե, որոշակի լծակներ կստանան նաեւ այդ ուժերը, բայց դրանից էությունը չի փոխվում»,-եզրափակեց նա: