“Միջազգային կրթական տարածքում պետք է ընդգրկել նաեւ չճանաչված պետությունները”. Ա.Աշոտյան
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտում նախարարության եւ մեր երկրում ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության բազմակողմանի եւ արդյունավետ փորձ է կուտակվել, եւ վերջիններս իրավամբ հանդիսանում են նախարարության հիմնական գործընկերները: Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին կրել է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ փորձագիտական եւ մեթոդական բնույթ:
Որպես համագործակցության հաջողված փորձ` նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության հետ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ներառական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները: Արմեն Աշոտյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ԱԺ-ի աշնանային նստաշրջանին հավանաբար կընդունվի “Հանրակրթության մասին” օրենքի փոփոխության նախագիծը, որի հիմնական առանցքը` համընդհանուր ներառականության անցումն է: Նախարարը հայտնել է, որ նախագծի մշակմանն աջակցել են միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունները` ընդգծելով, որ օրինագծի ընդունումից հետո էլ պետք է շարունակվի ակտիվ համագործակցությունը, քանի որ գործընթացը հետագայում եւս պահանջելու է ֆինանսական եւ մեթոդական մեծ աջակցություն:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է սեւեռել նաեւ մեկ այլ խնդրի վրա. “Դեռեւս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է “Կրթության խտրականության մասին” հռչակագիր, եւ այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից եւ միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաեւ չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել եւ աշխատանքային խումբ ստեղծել”,-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ բուհերի վարկանիշավորման խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կարեւորվում է կրթության որակիբարձրացման, մրցունակության, գործատուների ներգրավման, ինչպես նաեւ դիպլոմների փոխճանաչման տեսանկյունից:
ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը` հաջողությամբ իրականացված կրթական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու եւ աջակցելու համար:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության ստանձնման, ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառության, որպես գերակա ուղղություն հռչակված գյուղատնտեսական կրթության խնդիրներին առնչվող այլ հարցեր: