Եթե Եռաբլուրի պահանջը մերժեն. կրքերը թեժանում են
Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի երթը վերադարձավ Ազատության հրապարակ: Երթը առաջնորդող Շահեն Հարությունյանը դեմ գտնվեց ցուցարարներից մի քանիսի պահանջին, թե պետք է գնալ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
«Պետք է սպասենք վաղվան ու գնանք մեր պահանջի պատասխանի հետևից: Վաղը պետք է պատասխան ստանանք ու նոր անցնենք հաջորդ քայլերին»,-նշեց Շահեն Հարությունյանը:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը նշեց, որ պետք է հավաքվել ամեն օր ու վճռական լինել:
«Եթե Եռաբլուրի մեր պահանջը մերժեն՝ շուրջօրյա նստացույց ենք սկսելու»,-ասաց Շահեն Հարությունյանը հավելելով, որ Եռաբլուրը հերոսների համար է.«Հեսա 18 տարեկան եմ ու բանակ պետք է գնամ, եթե զոհվեմ ՝ Եռաբլուրում պետք է հուղարկավորվեմ չէ՞….Բաղրամյան գնալ գոռացողները մեզ պառակտում են, հստակեցում է պետք»:
Նշենք, որ Ազատության հրապարակում հրավիրված երթը նվիրված է Հաց բերող Արթուր Սարգսյանին, ով մահացավ երեկ՝ մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող: