Ծանր է լուծը
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը դժվարանում է ասել՝ 2018-ից հետո Սերժ Սարգսյանն ինչ պաշտոն կստանձնի:
«Քաղաքական իրականության մեջ մի օրն ու մի ժամն էլ մեծ նշանակություն ունեն, ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլինի մեկ տարի անց: Իհարկե, այս անգամ նորույթ է այն, որ իշխող կուսակցության ղեկավարը չի մասնակցում ընտրարշավին, իսկ ահա նախորդ ընտրությունների ընթացքում այդ ծանր բեռը հենց նրա ուսերին էր», – նշեց քաղաքագետը:
Վերջինս շեշտեց՝ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդես եկող եռյակը՝ Կարեն Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը համակրելի ու գրագետ մարդիկ են. ՀՀԿ վերնախավը ճիշտ է վարվել, որ քարոզարշավի պատասխանատվության մեծ մասը հենց նրանց ուսերին է դրել:
«Այդ երեք անձինք հետագայում մեծ պատասխանատվություն են կրելու: Այժմ թող ղեկավարեն ընտրարշավը: Նախագահը նախընտրական քարոզարշավի բեռից ազատվել է, ու ավելի շատ զբաղվում է արտագնա հանդիպումներով: Ես դա շատ դրական եմ համարում. փաստորեն, նախագահը աշխատում է այլ ֆրոնտով ու կարողանում է աշխարհաքաղաքական կարևորագույն գործունեություն ծավալել», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը: