“Ես դեմ չեմ 150 դրամին, թող դառնա 300”. Ահարոն Ադիբեկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կանխատեսումներ արեց տրանսպորտի թանկացման հետևանքով սպասվող սոցիալական ընդվզման վերաբերյալ: Ըստ Ահարոն Ադիբեկյանի` պրոբլեմը նրանում չէ, որ տրանսպորտի գինն է բարձր, այլ այն, որ մեր աշխատավարձներն են ցածր:
Սոցիլոգը իր հետազոտությունների արդյունքում եզրահանգել է, որ ասենք` 60 հազար դրամ աշխատավարձ ստացողը իր աշխատավարձի 20 տոկոսը միանշանակ տալու է տրանսպորտին: Երևանում օրինակ` շուրջ 45%- ը օգտվում է հասարակական տրանսպորտից: Այսինքն` այդքան մարդ հարվածի տակ է ընկնում:
Տարեկան հաշվարկներով հասարակական տրանսպորտից օգտվում է շուրջ 250 մլն ուղևոր:Սակայն Ադիբեկյանը սոցիալական բունտ կամ լուրջ շարժում չի կանխատեսում:
Երևանի հրատապ խնդիրների թվում տրանսպորտը 8-10-րդ տեղն է գրավում: Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ հիմնականում տրանսպորտը անխափան է աշխատում, սակայն ի տարբերություն զարգացած երկրների երեկոյան սակագին Հայաստանում գոյություն չունի:
Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ տրանսպորտի հարցում պետք է գործի ճկուն քաղաքականություն. “Այդ դեպքում ես ծափ կտամ, եթե առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր սակագներ գործեն, դա կլինի իսկապես ճկուն քաղաքականություն”,-փաստեց Ահարոն Ադիբեկյանը:
“Ես դեմ չեմ 150 դրամին, թող դառնա 300 դրամ, միայն որակյալ տրանսպորտ լինի: Մենք իրավունք չունենք պայքարելու գնաձևավորման դեմ, մենք պետք է պայքարենք դրա հետևանքների դեմ”,-շեշտեց Ահարոն Ադիբեկյանը:
Սակայն առանց փորձագիտական գնահատականի գների բարձրացումը Ահարոն Ադիբեկյանը սխալ է համարում:
“Եթե Գերմանիայում երշիկի կամ գարեջրի գինը բարձրացնեն, գերմանացին կգնա ամեն բան կջարդի ու դեմն առնել չի լինի: Նրանք ունակ են, բայց մենք ունակ չենք”,-հավելեց սոցիոլոգը` հավաստելով, որ մեզ մոտ հեղափոխություն չի կարող սկսվել և ընդվզման ալիքը շուտով կմարի: