Ով կուզենա նման նախաձեռնություն անել, ընդունում եմ. Փաշինյան
«Ամեն ինչ անում ենք, որ քարոզարշավը մաքսիմալ հարմար լինի քաղաքացիների համար, գնում ենք բակերը, նախընտրական նյութերին ծանոթացնում»,-այսօր Կենտրոն համայնքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ լրատվամիջոցները բանավեճ կազմակերպեն թեկնածուների միջև:
«Պատրաստ եմ ՀՀԿ-ի ցուցակի համարժեք հորիզոնականի ներկայացուցիչների հետ բանավեճ ունենալ, բոլորի հետ, ովքեր առաջին եռյակից կլինեն: Ով կուզենա նման նախաձեռնություն անել, ես նախապես ասեմ, որ ընդունում եմ: Չեմ կարծում, որ չեն գա, կարծում եմ՝ կգան, ես էլ իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Արմեն Աշոտյանի հետ այդ թեմայի շուրջ խոսակցություն է եղել, և նշեց, որ ճիշտ կլինի, որ այդ բանավեճերը տեղի ունենան, որն ըստ նրա՝ ծրագրերի, իրավիճակի գնահատականների համար լավ հարթակ կարող է լինել: